Միջինարեւելեան երկրներուն մէջ գտնուող հայ համայնքները կը շարունակեն մնալ վտանգուած՝ անվտանգային, տնտեսական, ընկերային հարցերու հետեւանքով։
«Արմէնփրէս»-ի մամլոյ սրահին մէջ տրուած ասուլիսին՝ Սփիւռքի գործերու գլխաւոր յանձնակատար Զարեհ Սինանեան նշած է, որ իրենց ուշադրութեան կեդրոնը կը գտնուին յատկապէս Սուրիան ու Լիբանանը։
“Սիրիայում գիտենք, որ ռազմական առճակատման վտանգ այս պահին չկայ, սակայն մարդիկ ունեն բազմաթիւ խնդիրներ, որոնք լուծման են սպասում։ Ամէն դէպքում, այնտեղ դեռ անկայուն է վիճակը։ Վարչապետի յանձնարարութեամբ պէտք է Ապրիլի սկզբին մեկնեմ Սիրիա։ Ասեմ, որ երբ սկսուեց յարձակումը Հալէպի ուղղութեամբ, այդ օրերին ճգնաժամ առաջացաւ։ Մեր հայրենակիցներից դիմումների մեծ քանակ կար։ Նրանք խնդրում էին իրենց տարհանել Սիրիայից։ Բնականաբար լոգիստիկ իմաստով հնարաւոր չէր, մա՛նաւանդ որ այնտեղ ռազմական գործողութիւններ էին տեղի ունենում։ Դրանից մէկ շաբաթ յետոյ էլ Դամասկոսն ընկաւ։ Սկզբնական օրերին 40 հայ կարողացաւ անցնել Լիբանան, յետոյ տեղափոխուել Հայաստան։ Դրանից յետոյ համարեա ամբողջ հոսքը կանգնեց, բայց վերջին մէկ ամսուայ ընթացքում տեսնում ենք սիրիահայերի կայուն հոսք դէպի Հայաստան։ Նախորդ տարուայ Դեկտեմբերի սկզբից 200-ից աւելի սիրիահայ եկել է Հայաստան”,– ըսած է Սինանեան։
Սփիւռքի գործերու գլխաւոր յանձնակատարը նշած է, որ կը շարունակեն վտանգուած համարել Լիբանանը, ուր կենցաղային պայմաններու էական բարելաւում տեղի չէ ունեցած։ Կայ մեր հայրենակիցներու արտահոսքի հաւանականութիւն։ Զարեհ Սինանեանի համաձայն՝ իրենց փափաքն է այնպէս ընել, որ այդ արտահոսքը ըլլայ դէպի Հայաստան։ Տեղւոյն Համարկման կեդրոնը շատ աշխուժ կ՚աշխատի մեր հայրենակիցներուն հետ։ Զարեհ Սինանեան նկատել տուած է, որ լիբանանահայերու վիճակը նիւթական առումով շատ ծանր է։
“Մեր Կենտրոնն ամբողջ ներուժը օգտագործում է այս մարդկանց խնդիրները լուծելու համար։ Մենք ունենք բազում գործընկերներ, որոնց հետ համագործակցութիւնը հնարաւորութիւն ու ճկունութիւն է տալիս մարդկանց խնդիրներն արագ լուծելու համար։ Մենք չունենք ազատ հիմնադրամ, բայց շատ կ՚ուզենայի ունենայինք, որ արագ արձագանգէինք մեր հայրենակիցների խնդիրներին։ Ամէն դէպքում այսօր էլ դա ինչ-որ առումով արւում է։ Օրինակ, Բէյրութում գտնուող 5 հոգանոց ընտանիք մեզ նամակ է գրում ու խնդրում, որ աջակցենք իրենց տեղափոխուել Երեւան։ Մենք, մեր գործընկերների հետ աշխատելով, գնում ենք տոմսերը, անհրաժեշտութեան դէպքում այստեղ կեցութեան վարձերն ենք վճարում։ Այդ ամէնն անում ենք այս գործին նուիրուած մեր գործընկերների հետ։ Եթէ մենք չստեղծենք պայմաններ, որ մեր հայրենակիցները արժանապատիւ կերպով բնակութիւն հաստատեն Հայաստանում, ապա նրանք կը գտնեն այլընտրանքային երկրներ”,– աւելցուցած է Զարեհ Սինանեան։
© 2023 Բոլոր իրաւունքները վերապահուած են։