Փաշինեան. «Առանց սեթեւեթանքի եւ աներկբայ ուզում եմ ասել՝ մենք Ղարաբաղեան շարժումը չպէտք է շարունակենք»

Մարտ 26-ին, Ազգային ժողովին մէջ կառավարութեան հետ հարցում-պատասխանի ընթացքին վարչապետ Նիկոլ Փաշինեան կարգ մը յայտարարութիւններ ըրած է, յատկապէս ընդգծելով հետեւեալը.

“Գերիների վերադարձի հետ կապուած ես նոր բան չունեմ ասելու, այն նոյն գործիքակազմերը, որ նախկինում կիրառել ենք, հիմա էլ ենք կիրառում, ապագայում էլ ենք կիրառելու. դա շատ կարեւոր հարց է, որը մեզ անհանգստացնում է, որպէս մարդասիրական, քաղաքական, որպէս կարեւոր հարց տարածաշրջանում կայունութիւն ու խաղաղութիւն հաստատելու վերաբերեալ”։

(…)

“Դատական հայցերի հրաժարուելու պահն ուժի մէջ է մտնում համաձայնագիրը ստորագրելուց եւ ուժի մէջ մտնելուց յետոյ: Այդ հայցերից հրաժարուելը վերաբերում է ոչ միայն Հայաստանին, այլ նաեւ Ադրբեջանին, այդ հայցերից հրաժարուելով՝ որքան Հայաստանն է թուլանալու, այնքան թուլանելու է Ադրբեջանը”։ 

(…)

“Առանց սեթեւեթանքի ուզում եմ վստահ ու աներկբայ ասել՝ ես կարծում եմ, որ մենք Ղարաբաղեան շարժումը չպէտք է շարունակենք: Սակայն ուզում ենք համոզուած լինել, որ Ադրբեջանում էլ չկայ քաղաքական որոշում, որ իրենք սկսում են մի ուրիշ շարժում, օրինակ՝ «Արեւմտեան Ադրբեջանի» շարժում, եւ այս պատմութիւնը ոչ թէ խաղաղութիւն հաստատելու, այլ հակամարտային տրամաբանութիւնը Ադրբեջանի տարածքից Հայաստանի տարածք արտահանելու մասին”։

(…)

«Հայաստանի ժողովուրդը ուզո՞ւմ է շարունակել Ղարաբաղեան շարժումը, թէ չի ուզում շարունակել: Ես ազնիւ գտնուած չեմ լինի, եթէ շատ ուղիղ այս ամբիոնից իմ կարծիքը չասեմ այն արձանագարումից յետոյ, որոնք նախկինում արել եմ հէնց այս ամբիոնից՝ կառավարութեան զեկոյցների քննարկման ժամանակ՝ ասելով, թէ ինչպէս է օգտագործուել Ղարաբաղեան շարժումը Հայաստանի պետականութեան չկայացման ճանապարհին:

Սա Հայաստանի պաշտօնական դիրքորոշումն է, եթէ հայ ժողովուրդը դրա հետ համաձայն չլինի, ես կը դադարեմ լինել վարչապետ”։

Փաշինեան սպառնացած է նախկին նախագահները «պատերով տալ եւ քաղաքական դիակի մնացորդները դուրս հանել»

Նոյն նիստին, վարչապետը կրկին արծարծած է նախկին նախագահներուն հետ բանավէճի նիւթը, այս անգամ ուղղակի սպառնալով Լեւոն Տէր-Պետրոսեանին, Ռոբերտ Քոչարեանին եւ Սերժ Սարգսեանին։

“Իրենց գործը ի՞նչ է. որ՝ իրենց կառուցած անձնատւութիւնն փաթաթեն ուրիշների՝ առարկայկանօրէն ի՛մ վզին: Դրա համար եմ այդ մարդկանց ասում՝ եկէք գնանք ուղիղ եթերում կանգնենք, խօսենք: Երեք հատ մտքի տիտան է… բոլորն ասում են՝ «մենք իր հետ բանավիճելու բան չունենք»: Յետոյ իրենց երեխեքին, թոռներին, ծոռներին, խնամիներին, հարսներին ղրկում են ասուլիսներ տալու: Եթէ բան չկայ բանավիճելու, վեր ընկէք տեղներդ, ձայններդ կտրէք: Եթէ բանավիճում էք, եկէք խօսենք: Ես ասում եմ ՝ ես ձեզ պատերով կը տամ եւ այդտեղից ձեր քաղաքական դիակի մնացորդները դուրս կը հանեմ, երեքիդ էլ վերաբերում է, ես ձեզ ոտի տակ կը տամ, ոչ թէ ձեզ հետ կը բանավիճեմ: Եւ գիտեն իրենք դա, դրա համար էլ չեն գալիս”,– ըսած է վարչապետը։