Modern Website Header
Website Header with Working Banner

Արցախէն բռնի տեղահանուած հայ բնակչութեան ներկայացուցիչները կողմերէն պահանջած են ապահովել իրենց անվտանգ վերադարձը

Արցախէն բռնի տեղահանուած հայ բնակչութեան ներկայացուցիչները Մարտ 19-ին բաց նամակ մը հրապարակած են նշելով, որ 2020-ի 44-օրեայ պատերազմին եւ Ազերպայճանի կողմէ իրագործուած բռնի տեղահանութիւններու հետեւանքով Արցախի՝ Հադրութի, Շուշիի, Ասկերանի, Մարտունիի եւ Մարտակերտի շրջաններու տասնեակհազարաւոր հայ բնակչութիւնը ներկայիս զրկուած է իր հայրենիքին մէջ ապրելու իրաւունքէն:

«Դեռեւս 1990-ականներին Ադրբեջանի կողմից բռնի տեղահանուել է նաեւ Շահումեանի շրջանի, Գետաշէնի ենթաշրջանի տասնեակ հազարաւոր հայ բնակչութիւնը:

Մինչդեռ 2020 թուականի Նոյեմբեր 9-ի եռակողմ յայտարարութեան 7-րդ կէտով Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի առաջնորդները պարտաւորուել են ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագոյն յանձնակատարի գրասենեակի վերահսկողութեան ներքոյ ապահովել ներքին տեղահանուած անձանց եւ փախստականների վերադարձը Արցախ եւ յարակից շրջաններ, ինչը մինչեւ օրս տեղի չի ունեցել:

Հաշուի առնելով Արցախից բռնի տեղահանուած բնակչութեան իրաւունքների վերականգնման անհրաժեշտութիւնը, ինչպէս նաեւ 2020 Նոյեմբեր 9-ի եռակողմ յայտարարութեան 7-րդ կէտով Ադրբեջանի ստանձնած պարտաւորութիւնները՝ սոյն նամակով Ադրբեջանի Հանրապետութեան նախագահ Իլհամ Ալիեւից պահանջում ենք ճանաչել հայ փախստականների խախտուած իրաւունքների վերականգման անյետաձգելի հրամայականը, ապահովել նրանց անվտանգ եւ արժանապատիւ վերադարձը իրենց պատմական հողեր եւ նախկին բնակավայրեր՝ համաձայն ստանձնած պարտաւորութիւնների, մարդու եւ մարդասիրական իրաւունքի:

Կոչ ենք անում Հայաստանի Հանրապետութեան վարչապետ Նիկոլ Փաշինեանին՝ որպէս 2020 Նոյեմբեր 9-ի եռակողմ յայտարարութեան ստորագրող կողմ, հետեւողական մօտեցում ցուցաբերել միջազգային իրաւական եւ քաղաքական բոլոր գործիքակազմերի գործադրման հարցում, որը ուղղուած կը լինի Ադրբեջանի կողմից ստանձնած միջազգային պարտաւորութիւնների իրականացման ապահովմանը: Միեւնոյն ժամանակ, խնդրում ենք ստեղծել լրացուցիչ գործիքակազմեր փախստականների իրաւունքների եւ շահերի առաւել արդիւնաւէտ պաշտպանութեան, նրանց իրաւական պահանջների արծարծման համար:

Կոչ ենք անում Ռուսաստանի Նախագահ Վլադիմիր Պուտինին՝ միջազգային իրաւունքով սահմանուած կառուցակարգերով եւ քաղաքական հնարաւոր բոլոր լծակներով, ապահովել 2020 Նոյեմբեր 9-ի եռակողմ յայտարարութեան պահանջների իրականացումը՝ հաշուի առնելով նաեւ վերջինիս՝ որպէս յայտարարութիւնը ստորագրած պետութեան ղեկավար հանդիսանալու եւ, դրանով իսկ՝ յայտարարութեան պահանջների գործադրման երաշխաւոր լինելու հանգամանքը:

Դիմում ենք ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագոյն յանձնակատար Ֆիլիփօ Կրանդիին՝ ադրբեջանական վերահսկողութեան ներքոյ գտնուող տարածքներից տեղահանուած հայ բնակչութեան վերադարձը կազմակերպելու, վերահսկելու եւ ապահովելու, ինչպէս նաեւ վերադարձող անձանց անվտանգութեան ապահովման միջազգային կիրառելի երաշխիքների ներդրմանը, այդ թւում՝ խաղաղապահ ուժերի տեղակայմանը աջակցելու նպատակով:

Միեւնոյն ժամանակ, Գերագոյն յանձնակատարի ուշադրութիւնն ենք հրաւիրում այն փաստի վրայ, որ Ադրբեջանի իշխանութիւնները ներկայիս իրականացնում են մեր բնակավայրերում Ադրբեջանցիների ապօրինի վերաբնակեցման ծրագրեր՝ խոչընդոտելով մեր վերադարձը եւ ապօրինաբար յափշտակելով մեզ պատկանող սեփականութիւնը։

Սոյն նամակը ներկայացնում ենք որպէս Արցախում 2020 թուականի 44-օրեայ եւ առաջին պատերազմի հետեւանքով փախստական դարձած եւ բռնի տեղահանուած անձանց կողմից ստեղծուած, նրանց շահերը ներկայացնող, իրաւունքների պաշտպանութեամբ զբաղող եւ նրանց անունից հանդէս եկող կազմակերպութիւններ»:

Նամակը ստորագրած հասարակական կազմակերպութիւններն են՝

«ԼՂՀ փախստականների միաւորում», «Մայրութիւն», «Կաճառ գիտական կենտրոն», «Կանանց եւ երեխաների աջակցութեան եւ զարգացման կենտրոն», «Փախստականների միաւորում յանուն արդարութեան», «Փախստական կանանց ընկերակցութիւն», «Մեր տուն», «Հադրութի ապաբռնագրաւում», «Հադրութի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոն»։