Յունիս 6-ին, Վրաստանի մէջ Հայաստանի դեսպանատան դիմաց տեղի ունեցած է հաւաք` յաջակցութիւն Արցախի, նախաձեռնութեամբ՝ «Վրաստանի հայ համայնք» հասարակական կազմակերպութեան։ Տեղւոյն վրայ դեսպանութեան յանձնուած է նամակ մը, ուր մասնաւորապէս նշուած է.
«Վրաստանում Հայաստանի դեսպանատան մօտ մեր վերջին հաւաքը 2020-ի Արցախի 44-օրեայ պատերազմի ժամանակ էր, երբ Թիֆլիսահայութեան հարիւրաւոր ներկայացուցիչներ Արցախի կողքին էին՝ աջակցող տարբեր միջոցառումներ կազմակերպելով: Մենք բոլորս մինչեւ վերջ հաւատում էինք յաղթանակին, սակայն պարզուեց, մեզ յիմարացնում էին, ասելով, որ «յաղթելու ենք», եւ 2020 թուականի Նոյեմբերի 9-ին Հայութեան մէջքի յետեւում ստորագրուեց յանձնուողական պայմանագիր, ըստ որի Արցախի Հանրապետութեան տարածքի մեծ մասը յանձնուեց Ադրբեջանին։ Սկսելով արշաւ ազգային եւ հոգեւոր կառոյցների, այդ թւում՝ Հայ Առաքելական եկեղեցու, բանակի, ինչպէս նաեւ Արցախի եւ Արցախցիների դէմ՝ աշխուժ աշխատանք տարուեց ամբողջ աշխարհում Հայութիւնը իրար դէմ տրամադրելու համար: Մարդկանց համոզում էին, որ Արցախը բեռ էր, եւ ազատուելով նրանից, մենք ձեռք ենք բերելու խաղաղութիւն։ Այդ ամէնից յետոյ սկսուեց խայտառակ յայտարարութիւնների շարքը՝ Արցախի ամբողջական յանձնման համար Հայութիւնը նախապատրաստելու ուղղութեամբ: Իսկ միեւնոյն ժամանակ Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից հնչում էին սպառնալիքներ Հայաստանի եւ համայն Հայութեան հասցէին, թէ՛ բանաւոր, եւ թէ՛ փաստացի ձեւով։ Բայց մենք բոլորս քաջ ծանօթ ենք, թէ ինչ անմարդկային կերպով են նրանք վերաբերուել գերեվարուած զինուորներին եւ խաղաղ բնակչութեան հանդէպ, թէ ինչպէս են նրանց հանրային կերպով ծաղրել, խոշտանգել եւ սպանել՝ այդ ամէնը նկարահանելով եւ տարածելով իրենց ժողովրդի մէջ եւ ոգեւորելով նրանց։ Նաեւ ցանկանում ենք նշել Հայաստանի ինքնիշխան տարածքների վրայ յարձակումների փաստը եւ այն, որ արդէն Սիւնիքի մարզն է վտանգի տակ: Օգտուելով Հայաստանի իշխանութիւնների զիջողական դիրքից՝ լկտիացած թշնամին այլեւս չի թաքցնում իր ախորժակը եւ ցանկութիւնը՝ իրականացնելու փանթուրքական գաղափարը այս տարածաշրջանում։ Այսպիսով, իշխանութիւնները պատրաստւում են թշնամու երախը նետել 120.000 ՀՀ քաղաքացու:
2022 Դեկտեմբեր 12-ից մինչ այսօր Ադրբեջանը շրջափակել է Արցախի Հանրապետութիւնը աշխարհին կապող միակ ճանապարհը: Չնայած Ադրբեջանի բերած տարատեսակ պատրուակներին՝ վերջինիս ռազմավարական նպատակը մէկն է՝ հարկադրել Արցախի բնակչութեանը լքել իր պատմական հայրենիքը: Ադրբեջանն այս հարցում առաջնորդւում է Արցախն աստիճանաբար Նախիջեւանի վերածելու ծրագրով – չկան Հայեր՝ չկան խնդիրներ: Միեւնոյն ժամանակ, Ադրբեջանն ակնյայտօրէն չի բաւարարուելու Արցախի հայաթափումով:
Վերջին շրջանում, Արցախն Ադրբեջանի մաս կազմելու վերաբերեալ հնչող յայտարարութիւնները դաւաճանութիւն են, դա չի կարող ընդունելի լինել գիտակից Հայի համար, որովհետեւ առանց Արցախ չի լինի նաեւ Հայաստան։ Մենք չենք ցանկանում, որ Արցախը դառնայ Նախիջեւան, նոր Մուշ, նոր Սասուն, Արարատ եւ հեռաւոր մի իդէալ, մենք պէտք է մեր ազգային շահերին առնչուած խնդիրները դարձնենք մեր ամէնօրեայ պայքարի մի մասը եւ հասնենք մեր ազգային իդէալին։
Մեր կազմակերպութիւնը իր բոլոր ուժերով աջակցել եւ աջակցելու է Արցախին: Արցախը կանգուն է մնալու, որովհետեւ Արցախցու ոգին անկոտրում է, իսկ Հայութեան գիտակից հատուածի միտքն ու հաւատքը՝ անսասան»։