«Պատմական քարտէզների ընդհանրական հռետորաբանութիւնը վտանգաւոր է մեր երկրների անկախութեան համար»
Հարցում – Ազերպայճանը յայտարարում է, որ հայկական կողմը հրաժարուել է Բրիւսէլում եռակողմ հանդիպման մասնակցութիւնից։ Ինչպէ՞ս կը մեկնաբանէք այս փաստը։
Պատասխան – Պրահայում տեղի ունեցած քառակողմ հանդիպման ժամանակ համաձայնութիւն էր ձեռք բերուել յաջորդ հանդիպման վերաբերեալ։ Մենք շարունակում ենք հաւատարիմ մնալ այս համաձայնութեան եւ կրկին պատրաստակամութիւն ենք յայտնում ընդունելի ժամկէտներում կազմակերպել Հայաստանի վարչապետի, Ադրբեջանի նախագահի, Ֆրանսիայի նախագահի եւ եւրոպական խորհրդի նախագահի հանդիպումը։ Կարծում ենք, որ Պրահայում այս ձեւաչափով տեղի ունեցած հանդիպումը բաւականին արդիւնաւէտ էր եւ կարեւոր՝ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ յարաբերութիւնների կարգաւորման գործընթացի համածիրին մէջ։ Հայկական կողմը, ինչպէս եւ նախկինում, շահագրգիռ է յարաբերութիւնների կարգաւորմամբ:
Հ. – Բաքուն կրկին հնչեցնում է պատմական քարտէզների հիման վրայ սահմանազատման գործընթացն իրականացնելու մասին թեզը։ Ի՞նչ դիրքորոշում ունի Երեւանը այս առնչութեամբ։
Պ. – Նման յայտարարութիւնները խախտում են Պրահայում եւ Սոչիում ստանձնած յանձնառութիւնը՝ երկու երկրների միջեւ սահմանազատման աշխատանքներն իրականացնել՝ հիմք ընդունելով ՄԱԿ-ի կանոնադրութիւնը եւ Ալմա-Աթայի հռչակագիրը։
Այդ յանձնառութեան շրջանակներում սահմանազատման աշխատանքները պէտք է իրականացուեն 1991 թուականի՝ ԽՍՀՄ փլուզման ամսաթուի դրութեամբ գոյութիւն ունեցած եւ իրաւական ուժ ու նշանակութիւն ունեցած իրաւական ակտերի հիման վրայ, ընդ որում՝ նոյն ամսաթուի դրութեամբ քարտէզագրում իրականացնելու, քարտէզներ կազմելու եւ քարտէզներ հրապարակելու պատշաճ լիազօրութիւններ ունեցող կառոյցների պաշտօնական փաստաթղթերի հիման վրայ: Ըստ այդմ, պատմական քարտէզների մասին խօսելն առնուազն անհասկանալի է՝ թէ՛ ըստ սահմանման, թէ՛ ըստ բովանդակութեան:
Պէտք է ընդգծել նաեւ պատմական քարտէզների ընդհանրական հռետորաբանութեան վտանգաւորութիւնը մեր երկրների անկախութեան համար, որովհետեւ եթէ շեշտ դնենք պատմական քարտէզների վրայ, կարող է պարզուել, որ ե՛ւ Հայաստանի Հանրապետութեան, ե՛ւ առաւել եւս Ադրբեջանի Հանրապետութեան այսօրուայ տարածքները դարերով եղել են այլ պետութիւնների տարածքներ:
Այս համածիրում եւս մէկ հանգամանքի վրայ կը ցանկանայի ուշադրութիւն հրաւիրել. չնայած որ թէ՛ 2021 Նոյեմբերի 26-ի Սոչիի, թէ՛ 2022 Ապրիլի 6-ի Բրիւսէլի հանդիպման արդիւնքներով ձեռք էր բերուել պայմանաւորուածութիւն, որ յանձնաժողովների ստեղծումը նախեւառաջ սահմանային անվտանգութեան նպատակ է հետապնդում. համապատասխան յանձնաժողովների ստեղծումից յետոյ՝ 2022 Սեպտեմբերին Հայաստանի Հանրապետութեան դէմ նոր յարձակում իրականացուեց եւ նոր տարածքներ բռնագրաւուեցին Ադրբեջանի կողմից, ինչը կասկածի տակ է դնում ո՛չ միայն պայմանաւորուածութիւնները եւ միջազգային իրաւունքը յարգելու Բաքուի ցանկութիւնը, այլեւ այդ յանձնաժողովների աշխատանքների նկատմամբ իր մտադրութիւններն առհասարակ:
Հ. – Ադրբեջանի նախագահը պնդում է, որ Հայաստանը ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականութիւնը։
Պ. – Այս հարցին բազմիցս ենք անդրադարձել: Բայց իր ելոյթներում անընդհատ նշելով, թե Հայաստանը ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականութիւնը՝ Ադրբեջանի նախագահը ո՛չ մի անգամ չի ասում, թէ Ադրբեջանն էլ ճանաչել է Հայաստանի տարածքային ամբողջականութիւնը: Այս փաստը եւ զանազան «պատմական» քարտէզների յիշատակումը նշանակո՞ւմ է արդեօք, որ Ադրբեջանը չի ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականութիւնը եւ յաւակնութիւններ ունի Հայաստանի Հանրապետութեան տարածքների նկատմամբ:
Ադրբեջանի նախագահը յայտարարում է նաեւ, որ իր երկրի շուրջ խաղաղութիւն է հաստատուած եւ լարումի սաստկացման վտանգ չկայ, ապա այլ հարցին ի պատասխան` յայտարարում է, որ եթէ Հայաստանը չստորագրի խաղաղութեան պայմանագիրը, ապա խաղաղութիւն չի լինի: Սա նշանակում է, որ լարումի որեւէ հնարաւոր սաստկացման պատասխանատւութիւնը, այս դէպքում՝ Ադրբեջանի նախագահը վերցնում է իր վրայ, յատկապէս որ Հայաստանը լիարժէք ներգրաւուած է խաղաղութեան հաստատման բովանդակային քննարկումների մէջ:
Հ. – Իսկ խաղաղութեան պայմանագրի նախապատրաստման շուրջ ընթացող աշխատանքներն ինչպէ՞ս կը գնահատէք։
Պ. – Ինչպէս տեղեակ էք, մենք Ադրբեջանին ենք ներկայացրել մեր առաջարկները յարաբերութիւնների կարգաւորման կամ խաղաղութեան պայմանագրի նախագծի վերաբերեալ եւ նախօրէին ենք միայն ստացել նրանց պատասխանները: Այսպիսով՝ քննարկումները շարունակւում են: Մենք յոյս ունենք այս հարցում համաձայնութեան հասնել հնարաւորինս շուտ, եւ այս գործընթացում կարեւոր դերակատարութիւն կարող են ունենալ նաեւ մեր միջազգային գործընկերների միջնորդական ջանքերը։
Հ. – Ադրբեջանը յայտարարում է նաեւ, թէ Հայաստանը հրաժարւում է տրամադրել ականապատ դաշտերի ճշգրիտ քարտէզներ եւ շարունակում է նոր ականներ տեղադրել Լեռնային Ղարաբաղի յարակից շրջաններում, որոնք յանգեցնում են բազմաթիւ զոհերի։ Ինչպէ՞ս կը մեկնաբանէք։
Պ. – Ինչպէս տեղեակ էք, Հայաստանի Հանրապետութիւնը միակողմանիօրէն Ադրբեջանին է փոխանցել ականապատ դաշտերի՝ իր մօտ առկայ բոլոր քարտէզները, չնայած նման յանձնառութեան բացակայութեանը ինչպէս եռակողմ պայմանաւորուածութիւնների, այնպէս էլ միջազգային իրաւունքի շրջանակներում։ Աւելի՛ն, պատրաստակամութիւն ենք յայտնել միջազգային գործընկերների հետ համագործակցաբար աջակցել փոխանցուած քարտէզների վերծանմանը։
Միեւնոյն ժամանակ, անհրաժեշտ եմ համարում ընդգծել, որ Լեռնային Ղարաբաղում եւ յարակից շրջաններում ականներ տեղադրուել են դեռեւս Ղարաբաղեան առաջին պատերազմի ընթացքում եւ դա հիմնականում իրականացուել է Ադրբեջանի կողմից, որը առաջին պատերազմի ընթացքում վերահսկում էր այդ տարածքները։ Հայկական կողմի համագործակցութեան կոչերը մնացել են անարձագանգ եւ, աւելին, Ադրբեջանը բոլոր հնարաւոր միջոցներով խոչընդոտներ է յարուցել ականազերծման աշխատանքների իրականացմանը։ Տուեալ ոլորտում Հայաստանին օժանդակութիւն ցուցաբերելու հարցի շահարկման հետեւանքով 2017թ․ Ադրբեջանի կողմից նոյնիսկ արգելափակուել է ԵԱՀԿ երեւանեան գրասենեակի գործունէութիւնը։
Կարմիր Խաչի միջազգային կոմիտէի 2019թ․ զեկոյցում արձանագրուած է, որ իրենց առաքելութեան ընթացքում Լեռնային Ղարաբաղում ականների զոհ է դարձել 747 անձ, որոնցից 59 տոկոս քաղաքացիական, եւ սա այն պարագայում, որ Լեռնային Ղարաբաղի իշխանութիւնները ականների պայթումներից զոհերի թուի հաշուարկ սկսել են իրականացնել միայն 2004 թուականից ի վեր։
Ինչ վերաբերւում է Ադրբեջանի այն հրապարակումներին, թէ Լեռնային Ղարաբաղում հայկական կողմը հայկական արտադրութեան ականներ է տեղադրել, պիտի արձանագրեմ, որ ցուցադրուած ականները ադրբեջանական կողմը յայտնաբերել է ոչ թէ ԼՂ-ում, այլ իր կողմից 2021-22թթ. բռնագրաւուած Հայաստանի Հանրապետութեան ինքնիշխան տարածքներում եւ հիմա փորձում է դրանք օգտագործել քարոզչական նպատակներով: Մենք չենք հերքում, որ մեր զինեալ ուժերը Հայաստանի ինքնիշխան տարածքում իրականացնում են ականապատման աշխատանքներ եւ դա պայմանաւորուած է Ադրբեջանի կողմից ռազմական նոր յարձակումների իրականացման մշտապէս բարձր վտանգի հետ, ինչի ականատեսն ենք եղել ինչպէս 2021 Մայիսին եւ Նոյեմբերին, այնպէս էլ 2022 Սեպտեմբերին։
Նմանօրինակ ռազմական գործողութիւններ Ադրբեջանն իրականացրել է նաեւ Լեռնային Ղարաբաղում՝ մասնաւորապէս այս տարուայ Փետրուար եւ Օգոստոս ամիսներին, դրանով իսկ ապացուցելով, որ Լեռնային Ղարաբաղի բնակչութիւնը ցեղային զտումների չենթարկուելու համար կարիք ունի ինքնապաշտպանական ուժերի։ Ինչ վերաբերւում է Ադրբեջանից հնչող մեղադրանքներին, որ Լեռնային Ղարաբաղում շարունակում են տեղակայուած մնալ Հայաստանի զինեալ ստորաբաժանումներ, սա եւս որեւէ կերպ չի համապատասխանում իրականութեանը։ Մեր այս պնդման իսկութիւնը ստուգելու համար վարչապետ Փաշինեանի կողմից նոյնիսկ առաջարկ է եղել միջազգային փաստահաւաք առաքելութիւն գործուղել Լեռնային Ղարաբաղ, ինչը մերժուել է Ադրբեջանի նախագահ Ալիեւի կողմից։
Հ. – Ինչպէ՞ս էք ընդհանուր առմամբ գնահատում առկայ իրավիճակը տարածաշրջանում։
Պ. – Մենք ցաւով ենք արձանագրում, որ չնայած տարբեր ուղղութիւններով ընթացող բանակցութիւններին՝ Ադրբեջանի կողմից չեն դադարում առաւելապաշտական եւ ռազմատենչ յայտարարութիւնները, հայկական կողմին ուղղուած անհիմն մեղադրանքները եւ ուժի գործադրման սպառնալիքները։ Բացի այդ, Ադրբեջանական զինուած ուժերը շարունակում են գտնուել Հայաստանի ինքնիշխան տարածքում, պարբերաբար Ադրբեջանի կողմից տեղի են ունենում ռազմական գրգռիչ գործողութիւններ։
Այս փաստերի համադրումը ցոյց է տալիս, որ իրավիճակը շարունակում է չափազանց լարուած մնալ, եւ մեր միջազգային բոլոր գործընկերները պէտք է յաւելեալ ջանքեր գործադրեն՝ զսպելու Ադրբեջանի նկրտումները եւ պահպանելու Հարաւային Կովկասում առկայ փխրուն խաղաղութիւնը։
Հայկական կողմը, ինչպէս եւ նախկինում, պատրաստ է բոլոր ջանքերը ներդնել՝ փոխընդունելի լուծումներ գտնելու եւ տարածաշրջանում երկարատեւ ու կայուն խաղաղութիւն հաստատելու համար: