Սումկայիթի ջարդերուն 34-րդ տարելիցին առիթով միացեալ յայտարարութեամբ հանդէս եկած են ՀՀ Մարդկային իրաւանց պաշտպան (ՄԻՊ) Քրիստինէ Գրիգորեան ու Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանեան։
Ստորեւ՝ յայտարարութիւնը.-
«1988 Փետրուար 20-ին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի ժողովրդական պատգամաւորների խորհրդի որոշումը` խաղաղ միջոցներով պայքարելու Արցախահայութեան կեանքի իրաւունքի, սեփական հայրենիքում ազատ, արժանապատիւ եւ անվտանգ ապրելու համար, հաշուած օրեր անց իր “արձագանգը” գտաւ Բաքուից 27 քմ. հեռաւորութեան վրայ՝ Սումգայիթ քաղաքում: Փետրուարի 27-29-ին ադրբեջանական իշխանութիւնների կազմակերպութեամբ եւ ուղղակի հրահրումով քաղաքի հայ բնակչութիւնը ենթարկուեց խոշտանգումների, խեղումների, ողջ ու սպանուած մարդկանց հրկիզման, խմբակային բռնաբարումների, իսկ նրանց ունեցուածքը ենթարկուեց աւերման ու թալանի։
Բացառապէս ազգային պատկանելիութեան հողի վրայ իրականացուած ջարդերի հետեւանքով ուղղակի և անառարկելի սպառնալիքի տակ յայտնուեցին Սումգայիթի 20 հազարանոց հայ բնակչութեան կեանքի, խոշտանգումներից ու խտրականութիւնից զերծ լինելու, ազատութեան ու անվտանգութեան, սեփականութեան, արդար դատաքննութեան և մի շարք այլ իրաւունքները:
Թէեւ Սումգայիթեան ջարդերը փաստագրուած են եղել խորհրդային համապատասխան մարմինների կողմից, այնուամենայնիւ այդ ոճրագործութեան հեղինակները եւ կազմակերպիչները այդպէս էլ արդարադատութեան առջեւ չեն կանգնել:
Սումգայիթի հակահայկական ջարդերով սկիզբ դրուեց Ադրբեջանի կողմից մարդկութեան դէմ յանցագործութիւնների շարքին, որը շարունակւում է մինչ օրս: Այդ հետեւողական քաղաքականութեան շրջանակներում 1988-1991թթ. ընկած ժամանակահատուածում Ադրբեջանի Գանձակ (Կիրովաբադ), Բաքու և մի շարք այլ քաղաքներում ու Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզում սպանուեցին հազարաւորներ և բռնագաղթեցին շուրջ 500.000 Հայեր:
Արցախի ժողովրդի ինքնորոշման իրաւունքի իրացումը բռնութեամբ ճնշելու եւ հայ բնակչութեանը բնաջնջելու նպատակով՝ Ադրբեջանը 1991-1994թթ. սանձազերծեց պատերազմ հայ ժողովրդի դէմ, որի ընթացքում ադրբեջանական իշխանութիւնների ցեղասպան գործողութիւնների ամենավառ վկայութիւնը 1992 թուականի Ապրիլին Մարտակերտի շրջանի Մարաղա գիւղի հայ բնակչութեան կոտորածն է, որին զոհ են գնացել գիւղի 50-ից աւելի խաղաղ բնակիչներ, իսկ գիւղն ամբողջութեամբ հայաթափուել է։
Ադրբեջանի Հանրապետութիւնը լիարժէքօրէն ժառանգեց եւ առաւել կատարելագործեց Խորհրդային Ադրբեջանի հայատեաց քաղաքականութիւնը՝ ուղղուած Արցախի հայաթափմանը եւ իր բնօրրանում հայ ժողովրդի ոչնչացմանը: Բացառապէս ցեղային հողի վրայ իրականացուող սպանութիւնների հերոսացման գործելաձեւը, որի հիմքը դրուեց սումգայիթեան ջարդերով, դարձաւ ադրբեջանական իշխանութիւնների ձեռագիրը: Արդիւնքում տարածաշրջանը “հարստացուեց” այնպիսի “հերոսներով”, ինչպիսիք են Ռամիլ Սաֆարովը, Մուբարիզ Իբրահիմովը և բոլոր նրանք, ովքեր 2016 թ. Ապրիլեան պատերազմի ժամանակ հաշուեյարդար էին տեսնում քաղաքացիական բնակչութեան նկատմամբ եւ ահաբեկչական կազմակերպութիւնների ոճով գլխատում ու անդամահատում հայ զինուորներին եւ արդիւնքում՝ պետութեան կողմից ամենաբարձր մակարդակով արժանանում խրախուսման:
Տարիներ շարունակ ադրբեջանական իշխանութիւնների կողմից իր հասարակութիւնում սերմանուած հայատեացութիւնն իր վատագոյն դրսեւորումը ստացաւ Ադրբեջանի կողմից Արցախի դէմ 2020թ. Սեպտեմբերին սանձազերծուած յարձակման ժամանակ, երբ ադրբեջանական զինուորականութեան թիրախը, նախեւառաջ, դարձան խաղաղ բնակչութիւնը, մանկապարտէզները, դպրոցներն ու հիւանդանոցները:
Ադրբեջանի կողմից 44-օրեայ յարձակման ժամանակ իրականացուած պատերազմական յանցագործութիւնները եւ միջազգային մարդասիրական իրաւունքի ու մարդու իրաւունքների կոպտագոյն խախտումները փաստագրուած են Հայաստանի եւ Արցախի Մարդու իրաւունքների պաշտպանների զեկոյցներում, բազմաթիւ իրաւապաշտպան կազմակերպութիւնների հաշուետւութիւններում, բարձրաձայնուել են տարբեր միջազգային կառոյցների ներկայացուցիչների կողմից:
Անպատժելիութիւնը ծնում ու կատարելագործում է ցեղային ատելութեան հիմքով կատարուող նոր յանցանքներ։
Ադրբեջանի իշխանութիւնների հայատեացութիւնը չի շրջանցում նաև հայկական հոգեւոր-մշակութային ժառանութեանը. փորձ է արւում Նախիջեւանի հայկական միջնադարեան ժառանգութեան ոչնչացման եւ շրջանի լիարժէք հայաթափման ձեռագիրը տարածել Արցախի՝ Ադրբեջանի վերահսկողութեան ներքոյ յայտնուած տարածքներում: Հայկական կրօնական եւ պատմամշակութային կոթողներն աւերելու եւ ինքնութիւնը նենգափոխելու անթաքոյց նպատակով նոյնիսկ պաշտօնապէս ստեղծուել է աշխատանքային խումբ:
Հայատեացութիւնը, որի վկայութիւնների շարքը օրէցօր համալրւում է, Բաքուի իշխանութիւնների կողմից կիրառւում է որպէս Ադրբեջանի ժողովրդի ինքնութեան ձեւաւորման միջոց: Սակայն պատմութիւնը բազմիցս ապացուցել է, որ ցեղային ու ազգային պատկանելիութեան հիմքով ատելութեան վրայ ձեւաւորուած ինքնութիւնը քայքայում է հէնց դրա կրողին, այն սպառնում է տարածաշրջանում մարդկանց խաղաղ, անվտանգ ու բնականոն կեանքին եւ խաթարում հասարակութիւնների զարգացումն ու առաջընթացը:
Որպէս այդ քաղաքականութիւնից հրաժարուելու առաջին քայլ՝ մենք կոչ ենք անում Ադրբեջանի իշխանութիւններին դրսեւորել քաղաքական կամք եւ արժանահաւատօրէն գնահատել Սումգայիթում, Գանձակում (Կիրովաբադ), Բաքւում եւ այլ վայրերում իրականացուած հայատեաց ջարդերը եւ զերծ մնալ ժխտողականութեան քաղաքականութիւնից, պատասխանատւութեան ենթարկել 44-օրեայ պատերազմի եւ յաջորդող ժամանակ քաղաքացիական անձանց նկատմամբ բռնարարքներ, ռազմագերիների եւ զոհուած զինծառայողների խոշտանգումներ կազմակերպած ու իրականացրած անձանց, անվերապահօրէն ազատ արձակել մինչ օրս ադրբեջանական գերութեան մէջ գտնուող հայ ռազմագերիներին ու պահուող այլ անձանց եւ դադարեցնել Արցախի հայկական պատմամշակութային ժառանգութեան նկատմամբ վանդալիզմի գործողութիւնները:
Կոչ ենք անում միջազգային հանրութեանը պատշաճ իրաւական գնահատական տալ 1988թ. Փետրուարին Սումգայիթում կատարուած բռնութիւններին՝ համաձայն միջազգային իրաւունքի հիմնարար սկզբունքների եւ չափանիշերի, ինչպէս նաև գործուն միջոցներ ձեռնարկել ներկայումս Ադրբեջանում շարունակուող հայատեացութեան քաղաքականութեան գնահատման ու դադարեցման ուղղութեամբ:
Մենք խոնարհւում ենք Սումգայիթի ու միւս բնակավայրերի հայկական ջարդերի անմեղ զոհերի յիշատակին եւ ի գիտութիւն բոլորի, շեշտում, որ իրաւունքների խախտումների ու յանցագործութիւնների համար անպատժելիութիւնն առաջ է բերում նոր ու աւելի դաժան յանցանքներ»: