Modern Website Header
Website Header with Working Banner

Հայաստանի և Ազէրպայճանի մշակոյթի գործիչներու եւ գիտնականներու հանդիպումը

Ռուսական կողմի նախաձեռնութեամբ, վերջերս Մոսկուայի մէջ տեղի ունեցած է Հայաստանի և Ազէրպայճանի մշակոյթի գործիչներու և գիտնականներու հանդիպումը։

Հայաստանի պատուիրակութեան կազմին մէջ եղած է նաեւ Երևանի պետական բժշկական համալսարանի (ԵՊԲՀ) տնօրէն Արմէն Մուրադեան։ Վերջինս, Դիմագիրքեան իր գրառման մէջ մանրամասնութիւններ ներկայացուցած է հանդիպումէն։

«Իւրաքանչիւրս ներկայացրել ենք մեր տեսակէտը, և զրոյցը ծաւալուել է միայն մարդասիրական դաշտում: Ես խօսել եմ, որպէս բժիշկ, պատմել եմ Զինուորի տան մասին, որը ստեղծել է հայ ժողովուրդը։ Պատմել եմ շուրջ 7.000 հայ տղերքի մասին, ովքեր յայտնուել են Զինուորի տանը հէնց Ադրբեջանցու պատճառով։ Ասեմ` խօսելը շատ բարդ էր, ծանր ու պատասխանատու։ Մեր պատուիրակութիւնը գէթ մէկ րոպէ չի ընկրկել, ասեմ աւելին, յստակ նշեցինք հետևեալը. “Պատերազմները յաղթանակով չեն աւարտւում…”»,– գրած է Մուրադեան, աւելցնելով թէ՝ Հայաստանի պատուիրակութեան օրակարգին վրայ Պաքուի մէջ պահուող հայ գերիներու վերադարձի և անոնց առողջական վիճակի հարցերը եղած են։

«Օրակարգի առանցքում մենք գէթ մէկ հարց ենք ունեցել՝ մեր գերիների վերադարձը, մեր տղաների առողջական վիճակի մասին ստոյգ տեղակատւութիւն, այդ իսկ նպատակով առաջարկել ենք բժիշկների խմբի գործուղում գերիների մօտ։ Յաւելեմ՝ Հայաստանի պատուիրակութիւնը բարձրաձայնեց անմարդկային բոլոր արարքները, որ տեսել է մեր ժողովուրդը պատերազմների ընթացքում և պատերազմների դադարներից յետոյ։ Խօսեցինք մեր պատմամշակութային վտանգուած հարստութեան մասին։ Հանդիպման նպատակն էր մարդասիրական հարցերի տարանջատումը՝ քաղաքականից ու ռազմականից: Հանդիպումն անցել է լարուած, բայց ճշգրտութեան սահմաններում»,– նշուած է Արմէն Մուրադեանի գրառման մէջ։

Ան յիշեցուցած է, թէ հայ և ազէրպայճանցի մշակոյթի գործիչներու և գիտնականներու մասնակցութեամբ հանդիպումներ տեղի ունեցած են նաև 2004-ին, 2006-ին և 2008-ին:

«Շուրջ մէկ տարի, միջազգային բոլոր գործընկերներիս առաջարկել եմ, խնդրել եմ օգնել մեր երկրին՝ գերիների առողջական վիճակի մասին յստակ տեղեկատւութիւն ստանալու նպատակով։ Ես՝ որպէս բժիշկ արել եմ ու անելու եմ հնարաւորն ու անհնարինը՝ Բաքուի բանտերում գտնուող մեր եղբայրների առողջական խնդիրները բարձրաձայնելու ու լուծելու համար: Թէ՛ հանդիպման ժամանակ և թէ՛ հրապարակային ասել եմ, որ անձամբ պատրաստ եմ ներգրաւուել բժիշկների խմբում ու գնալ տեսակցել մեր գերիների հետ: Այս հանդիպումը, հնարաւորութիւն էր, այդ նպատակին հասնելու, իսկ այդ կարելիութիւնը բաց թողնելու շռայլութիւն մենք չունէինք»,– գրած է ան։