«Սիրելի՛ հայրենակիցներ Հայաստանում, Արցախում և Սփիւռքում,
Աւարտւում է 2021 թուականը՝ մեր ժողովրդի, Հայաստանի ու Արցախի համար բարդագոյն ևս մէկ տարի, պատերազմի հետևանքների և համավարակի դժուարին մի ժամանակաշրջան:
Իմ խորին յարգանքը՝ իրենց կեանքը հայրենիքին զոհաբերած մեր զաւակների անմար յիշատակին: Ձեզ հետ միասին կիսում եմ այդ խորը վիշտը:
Ցաւակցում եմ նաև համավարակին զոհ գնացած մեր բազմաթիւ հայրենակիցների ընտանիքներին և հարազատներին։
Առողջութիւն եմ մաղթում բոլոր վիրաւորներին ու հիւանդներին:
Շարունակելու եմ իմ միջազգային ջանքերը՝ գերութեան մէջ գտնուող մեր բոլոր հայրենակիցների շուտափոյթ վերադարձի և անհետ կորածների յայտնաբերման համար:
Սիրելի՛ հայրենակիցներ, 30 տարի առաջ այս օրերին մենք Ամանորը առաջին անգամ նշում էինք որպէս Հայաստանի անկախ հանրապետութեան քաղաքացիներ: 30 տարիները նշանաւորուեցին թէ՛ ձեռքբերումներով ու յաղթանակներով և թէ՛, ցաւօք, նաև` կորուստներով։
Այսօր մեր երկիրը կրկին գտնւում է լրջագոյն փորձութիւնների և մարտահրաւէրների առջև:
Մեզ պէտք է կամք՝ յաղթահարելու այդ փորձութիւնները։
Պէտք է ունենանք նաև յստակ տեսլական և ծրագիր, լինենք ազնիւ և պատասխանատու:
Անհրաժեշտ է ազգային ինքնութեան և պետականութեան խոր գիտակցում: Ինքնութիւնը պետութեան անձնագիրն է, իսկ պետութիւնը՝ ազգային ինքնութեան երաշխաւորը:
Պէտք է դառնանք մրցունակ երկիր՝ օգտագործելով մեր համաշխարհային մեծ ներուժը:
Հետևաբար, անհրաժեշտ է բացել Հայրենիքի դռները մեր բոլոր հայրենակիցների համար:
Իսկ դրա համար նախ պէտք է փոխենք Սահմանադրութիւնը, որպէսզի Սփիւռքի մեր հայրենակիցները, մեր ողջ ժողովուրդը կարողանան ազատօրէն մաս կազմել և ծառայել Հայրենիքին:
Սահմանադրութեան փոփոխութիւնը կը նպաստի նաև պետութեան աւելի արդիւնաւէտ կառավարմանը, պետական կառոյցների հաւասարակշռմանը, աւելի ճկուն ու փոխկապակցուած, աւելի հասկանալի ու պատասխանատու գործունէութեանը:
Վաղուց ժամանակն է գիտակցել, որ մեր ամենաուժեղ զէնքը մենք ենք՝ մեր բանակը, մեր աշխատանքը, մեր միտքը:
Ժամանակն է՝ դառնալու պետութի՛ւն, որին հաւատում ու վստահում են, որը յուսալի պատուար է իր իւրաքանչիւր քաղաքացու համար, որի շուրջը համախմբւում ենք բոլորս:
Ես իսկապէս հաւատում եմ, որ կարող ենք միասին կառուցել մեր ապագան։
Հաւատացէ՛ք ձեր ուժերին, յարգե՛նք մեր երկիրը, յարգե՛նք իւրաքանչիւր հայրենակցի: Եւ աշխարհն աւելի կը յարգի մեզ՝ որպէս ժողովուրդ և որպէս պետութիւն:
Սիրելի՛ հայրենակիցներ,
Ամանորը յոյսի, հաւատի ու սպասումների տօն է: Վստա՛հ եմ, որ կարող ենք յաղթահարել այսօրուայ մարտահրաւէրները: Վստա՛հ եմ, որ կարող ենք ամուր և անխոցելի սահմաններով, կայուն ու խաղաղ, բարեկեցիկ ու արժանապատիւ երկիր դառնալ:
Հաւատո՛ւմ եմ, որ կարող ենք միասին կառուցել ուժեղ Հայաստան: Տեսնու՛մ եմ այդ ճանապարհը:
Թող 2022 թուականը մեր երկրի, մեր ժողովրդի, ձեզնից իւրաքանչիւրի և ձեր ընտանիքների համար լինի առողջութեան, խաղաղութեան, յաջողութեան, լիութեան և առաջընթացի տարի:
Թող բոլորիս ընտանիքներում տիրեն ջերմութիւնը, համերաշխութիւնը, ուշադրութիւնը, հոգատարութիւնը և սէրը միմեանց հանդէպ:
Շնորհաւոր Նոր տարի»: