ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմինի յայտարարութիւնը
«Հայաստանի օրուայ իշխանութիւնը իր ազգադաւ ծրագրերից հանրութեան ուշադրութիւնը շեղելու եւ դրանց դէմ պայքարողների նկատմամբ ապօրինի հետապնդումները շարունակելու նոր շրջափուլ է սկսել: Կեղծ օրինակութեան շղարշով քօղարկելով իր հակապետական եւ հակաժողովրդավարական գործելակերպը՝ իրաւապահ համակարգը կրկին թիրախաւորել է Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը:
Ընդամէնը ամիսներ առաջ Կուսակցութեան գրասենեակներում եւ Կուսակցութեան անդամների բնակարաններում իրականացուած տասնեակ խուզարկութիւններին, ձերբակալումներին եւ կալանաւորումներին, այսօր աւելացան նորերը: Այսօր ձերբակալուել են Կուսակցութեան Արարատի մարզային կառոյցի անդամներ Գառնիկ Մանուկեանը եւ Արտաւազդ (Աշոտ) Մարգարեանը, Կուսակցութեան համակիր Յունան Մելքոնեանը, ապօրինի հարցաքննութեան է ենթարկուել Կուսակցութեան Գերագոյն մարմինի նախագահ Սիմոն Սիմոնեանը, ինչպէս նաեւ ընդամէնը մէկ ամիս առաջ դատարանի որոշմամբ ազատութեան մէջ յայտնուած Գերասիմ Վարդանեանը: Այս ընկերների բնակարաններում իրականացուել են նաեւ խուզարկութիւններ:
Դատախազութեան կողմից կրկին ասպարէզ է նետուել Ազգային ժողովի պատգամաւոր ՀՅԴ Գերագոյն մարմինի անդամ Աշոտ Սիմոնեանի նկատմամբ յարուցուած ապօրինի քրէական հետապնդման մասին տեղեկատւութիւնը:
Արձանագրելով Դաշնակցութեան եւ նրա համակիրների նկատմամբ օրուայ իշխանութեան կողմից իրականացուող քաղաքական հալածանքների նոր թափի մասին, բոլորի ուշադրութիւնն ենք հրաւիրում հանգամանքի վրայ, որ օրուայ իշխանութիւնը նախապատրաստում է ազգակործան յաջորդական քայլը:
133 տարուայ ընթացքում ՀՅԴ-ն բազմաթիւ զրկանքներ ու բանտեր է տեսել, թշնամիների եւ դաւաճանների է դիմագրաւել, չի ընկրկել, յաղթահարել է բոլոր դժուարութիւնները, կանգնած է եղել Հայոց պետականութեան կերտման եւ ամրացման ակունքներում: Նման քայլերով ՀՅԴ-ին պայքարից ետ պահելն անհնարին է»:
2023 Յունուար 11