Արցախի Հանրապետութեան կառավարութեան Փետրուար 23-ի նիստին, Պետական նախարար Ռուբէն Վարդանեան ստորեւ տրուած ելոյթը ունեցած է.
“Առաջին հերթին շնորհակալ եմ միասին անցած ճանապարհի եւ պարոն նախագահի կողմից իմ նկատմամբ հաւատի համար, ինձ համար դա մեծ փորձ էր:
Դուք գիտէք, որ արդէն տասնեակ տարիներ գալիս էի Արցախ, ունէի մեծ կապեր, բայց Սեպտեմբերի սկզբին յայտարարեցի, որ եկել եմ, որովհետև զգում եմ, որ մենք կանգնած ենք անդունդի եզրին՝ մինչև վերջ չգիտակցելով իրավիճակը: Ինձ համար դա Սարդարապատ էր: Երբ ասում եմ Սարդարապատ, ես հասկանում եմ ճգնաժամ, ուրիշ օրակարգ, եւ ինձ համարում եմ զինուոր, որն անում է ամէն ինչ, ինչ պէտք է մեր հայրենիքի փրկութեան համար: Դրա համար, երբ ստացայ այս հրաւէրը, այն ինձ համար անսպասելի էր, որովհետև ինքս ինձ խօսք էի տուել, որ պետական աշխատանքի չեմ անցնելու, բայց հասկացայ, որ եթէ իմ խօսքի տէր մարդ եմ, գալիս եմ պաշտպանելու իմ հայրենիքը, չի կարող լինել՝ ուզում եմ, չեմ ուզում, կարող եմ, չեմ կարող, եթէ պէտք է, ուրեմն այդպէս է պէտք անել:
Դա, ի հարկէ, դժուար որոշում էր ինձ համար: Միւս կողմից էլ հեշտ էր, որովհետև ինքս ինձ համար որոշել էի, որ ես այստեղ եմ, մնալու եմ, ոչ մի տեղ չեմ գնալու, եւ եթէ պէտք եմ այս ուղղութեամբ, ուրեմն այս ուղղութեամբ կ՚աշխատեմ, եթէ ուրիշ ուղղութեամբ կարող եմ պիտանի լինել իմ հայրենիքի համար, ուրիշ ուղղութեամբ կ՚աշխատեմ:
Այդ տեսանկիւնից կարող է ինձ աւելի հեշտ է թէ՛ պաշտօնը ստանձնելը, թէ՛ յանձնելը: Մենք պատերազմի մէջ ենք, եւ այս ուղղութեամբ էր պէտք պայքարել, ես յոյսով եմ, որ իմ պայքարը ինչ-որ ձեւով օգնել է բոլորիս՝ միասին յաղթահարելու այդ դժուարութիւնը:
Ուզում եմ արձագանգել մի քանի թեզերի: Առաջինը, ինչու ես հրաժարական չտուեցի: Ուզում եմ, որ պարզ լինի, ես համարել եմ, որ զինուոր եմ, չեմ կարող հրաժարական տալ, եթէ պէտք է՝ գլխաւոր գերագոյն հրամանատարը պէտք է ինձ ազատի գործից:
Երկրորդը, վստահ եմ, որ մենք շատ ծանր ժամանակահատուածում շատ կարեւոր գործ ենք արել, եւ ուզում եմ շնորհակալութիւն յայտնել բոլոր այն մարդկանց, ովքեր աշխատել են այս ծանր ճգնաժամի պայմաններում՝ առաւօտեան ժամը 7-ից մինչև գիշերուայ 2-ը, առանց հոսանքի եւ կազի, ցոյց տալով, որ որպէս աշխատակազմ պատրաստ են ամէն ինչի: Դա ինձ համար շատ կարեւոր փորձ էր, որի համար շատ շնորհակալ եմ: Երրորդը, դրսի ճնշումը իսկապէս շատ մեծ էր, պարոն նախագահը աւելի շատ տեղեկութիւն ունի, եւ հասկանում է իրավիճակը: Բայց մենք ունենք դրսի աշխարհ եւ ներսի աշխարհ: Ինձ թւում էր, որ դրսի ճնշումը չի օգնում մեզ ներսում ունենալ իրավիճակ, որ զգանք, թէ կարողանում ենք այս ճնշման դէմ պայքարել աւելի ուժեղ: Ես կառավարութեան 110 օրուայ աշխատանքը ներկայացրել եմ պարոն նախագահին, եւ պատրաստ եմ այն աւելի մանրամասն ներկայացնել հանրութեանը:
Աշխատանքն անելու համար սկզբում պէտք է ճիշդ նախագիծ կազմես, էսքիզ ունենաս, հիմքը դնես, ներքին պատերը կառուցես։ Մենք տարբեր ուղղութիւններով արել ենք քայլեր, որոնք, ի հարկէ, ճգնաժամի պայմաններում բարդ էին, բայց ուրախութեամբ կատարուած աշխատանքի արդիւնքները փոխանցում ենք պարոն Ներսիսեանին եւ յոյս ունենք, որ նա այդ ուղղութիւններով աշխատանքները կը շարունակի։
Գիտեմ, որ իմ՝ Արցախում մնալու հետ կապուած ճնշում կայ, բայց նշեմ, որ ես ոչ միայն չեմ գնալու, այլեւ չեմ պատկերացնում ինձ առանց Արցախի։ Ես ուրախութեամբ կը շարունակեմ զբաղուել այն գործունէութեամբ, որն իրականացրել եմ մինչ այս։ Մեր հիմնադրամը՝ «Մենք ենք մեր սարերը» գործակալութիւնը, արդէն բաւական ծրագրեր արել է։ Պէտք է ասեմ, որ դա պետական և մասնաւոր հատուածի, Հայաստանի, Սփիւռքի, հայկական եւ ոչ հայկական հասարակական կազմակերպութիւնների միջեւ շատ կարեւոր համագործակցութեան օրինակ էր։ Կարծում եմ՝ դա շատ կարեւոր է, որովհետեւ եթէ մենք խօսում ենք ապագայի մասին, շատ կարեւոր է, որ այդ համագործակցութիւնը շարունակուի։
Մենք շարունակելու ենք ներդնել մեր ջանքերը եւ մեծ աշխատանք ենք անելու, որ հնարաւորինս շատ Հայեր գան Արցախ, որպէսզի ո՛չ միայն Արցախահայերը միայնակ չզգան իրենց, այլեւ նրանք, որոնք հեռացել են Արցախից տարբեր ժամանակներում, այս ճգնաժամի ժամանակ վերադառնան՝ աւելի ուժեղացնելով մեր հայրենիքը։
Ինչպէս արդէն նշել եմ, մենք ունենք ֆինանսական, կառավարման, ինչպէս նաեւ յաջորդ ձմռան նախապատրաստուելու խնդիրներ։ Այս ընթացքում մենք բաւականաչափ փորձ կուտակեցինք, հասկացանք մեր բացթողումները, արձանագրեցինք, թէ ո՛ր ուղղութիւններով են աշխատանքները թերի կատարուել։ Շատ կարեւոր է, որ այս ամէնից դասեր քաղենք եւ ամէն ինչ անենք, որ այդ թերացումները չկրկնուեն՝ թէ՛ պարէնի, թէ՛ վառելիքի եւ թէ՛ այլ խնդիրների հետ կապուած։ Հիմա մենք շատ աւելի լաւ ենք պատկերացնում իրավիճակը, քան մինչեւ շրջափակումը։
Ֆինանսական, կառավարման եւ այլ հարցերից աւելի կարեւոր էր այն արձանագրումը, որ Ադրբեջանը, որը յոյս ուներ մեզ ծնկի բերել, կոտրել, չարաչար սխալուեց։ Ադրբեջանը տեսաւ, որ մենք դարձանք աւելի միասնական, եւ անգամ վերացան անտարբերութեան դրսեւորումները։ Իսկապէս շատ ոգևորիչ էր լսել, թէ ինչպէս էին մարդիկ տարբեր համայնքներում ասում՝ մենք պատրաստ ենք դիմանալ առանց կազի ու լոյսի, միայն թէ մեզ մի՛ դաւաճանէք եւ եկէք շարունակենք պայքարը։
Իսկապէս շատ ծանր է ձեր պատասխանատւութիւնը, որպէս նախագահ, որ ընտրուել է պատերազմից չորս ամիս առաջ, շատ ծանր վիճակում էք, այսքան ժամանակ տանում էք այդ ծանրութիւնը։
Ես վստահաբար եմ ասում, որ յաջողութեան հասնելու համար պէտք է մօտեցումը լինի համակարգային, եթէ չենք կառուցում համակարգ, եթէ չենք ներդնում թափանցիկ, հետեւողականօրէն ստեղծուած գործիքակազմեր, շատ դժուար է հասնել յաջողութեան։
Քննարկման նիւթ չէ նաեւ այն, որ որեւէ անձ չի կարող աւելի կարեւոր լինել, քան մեր հայրենիքը։
Շատ կարեւոր է նաև վստահութիւնը, յոյսով եմ՝ մեր խօսքն իր արժէքն իսկապէս չի կորցրել։ Ես վերանայեցի Ձեր ելոյթները պատերազմից յետոյ, շատ փայլուն, խորը ելոյթներ էին, պարո՛ն նախագահ։ Ես վստահ եմ, որ Ձեր խօսքերի տակ հիմա էլ կը ստորագրէք, պարզապէս կը ցանկանայի, որ այդ խօսքերը գործի վերածուէին, շատ կարեւոր է, որ մարդիկ չկորցնեն հաւատն այդ խօսքերի նկատմամբ։
Ցաւալի է, բայց իսկապէս երբեմն մենք չենք կարող ասել այն, ինչ ցանկանում ենք, կամ ստիպուած ենք դիմել այլաբանութեան։ Այդուհանդերձ, մարդիկ պէտք է հաւատան մեր խօսքին ու գործին։
Ես՝ որպէս մարդ, որը մինչ այս 112 օրը չէր աշխատել պետական համակարգում, հասկացայ, որ Արցախում կայ ուժեղ կառավարման համակարգ, մեծամասամբ նուիրեալ պետական ծառայողներ։ Ամէն դէպքում այն մարտահրաւէրները, որոնք կան, մենք չենք կարող յաղթահարել միայն կառավարութեան ջանքերով։
Այն խնդիրները, որոնք մենք ունենք ֆինանսների, անվտանգութեան, ենթակայականութեան վերաբերեալ, պահանջում են շատ լուրջ համագործակցութիւն, այդ պատճառով ես յոյս ունեմ, որ մենք սրա կարեւորութիւնը կը հասկանանք, եւ կը փորձենք օգտագործել Սփիւռքի ներուժը։
Քաղաքական դաշտն ունի իր օրէնքները, եւ հնարաւոր է, որ եթէ մենք չլինէինք շրջափակման մէջ, այս ամէնին այլ կերպ նայէինք։
Իմ ամենամեծ դժուարութիւնն այն է, որ ես չեմ կարողացել ապացուցել եւ բացատրել երկու բան՝ որ սա բնական իրավիճակ չէ, իսկ ճգնաժամն իր օրէնքներն ունի։ Դա թերեւս իմ ամենամեծ բացթողումներից մէկն է եղել։
Միւս դժուարութիւնն այն էր, որ չկարողացայ բացատրել, որ պայքար՝ նշանակում է, որ մենք ամէն օր հասկանանք, թէ որոնք են մեր թոյլ եւ ուժեղ կողմերը, ինչպէ՛ս պէտք է ամրապնդենք մեր դիրքերը, ինչպէ՛ս կարողանանք օգտագործել մեր սահմանափակ աղբիւրները։
Մեր պայքարը միայն զէնքով չէ, ե՛ւ տնտեսութեան, ե՛ւ տեղեկատւութեան դաշտում է: Այս 112 օրը բերեց փոփոխութիւններ, որոնք անխուսափելիօրէն ցոյց տուեցին նոր իրավիճակ, նոր Արցախ:
Մի կողմից, մենք բոլորս մի նաւակի մէջ էինք, եւ այդ նաւակը մեզ բոլորիս միացրեց, բայց միւս կողմից, մենք տեսանք անթոյլատրելի օրինակներ, որոնց մասին ես բարձրաձայնել եմ, որ մարդկանց մի հատուածի մօտ չկայ այդ անթոյլատրելիութեան գիտակցումը. երբ, օրինակ, դու ճգնաժամային իրավիճակում բարձրաստիճան պաշտօնեաներին ուղարկում ես բանջարեղէն եւ մրգեր, ինքդ լինելով բարձրաստիճան պաշտօնեայ… Հարցը այն չի, որ դա լաւ բան չի, հարցն այն է, որ այդ մի քանի տասնեակ մարդուց միայն մի քանի հոգին դա ետ ուղարկեցին՝ երեւոյթը համարելով անընդունելի: Ինձ համար ցաւալի է, որ այս շրջափակման մէջ անանաս կամ թարմ վարդեր բերելը բնական է ընդունւում, բայց, ի հարկէ, ես գիտեմ, որ այդ մարդկանց թիւը փոքր է: Ինձ աւելի շատ անհանգստացում է ոչ թէ նրանց արածը, այլ այն, որ մենք դա բնական ենք համարում: Երկրորդը, պատժելու գործիքակազմը չկար: Մենք պարոն Ներսիսեանի հետ այդ հարցը շատ ենք քննարկել՝ այս իրավիճակում ինչն է պատժելի, ինչը՝ ո՛չ:
Ինձ համար չկան նախկիններ, սորոսական, կան մարդիկ, ովքեր պատրաստ են այս ռազմական իրավիճակում գործ անել, եւ ովքեր պատրաստ են, իրար հետ մէջք մէջքի տուած առաջ գնալ, ետ չենք նայում: Ովքեր պատրաստ չեն, իրենք պէտք է կամ պատժուեն կամ դուրս գան այստեղից, որովհետև իրենք չպէտք է խանգարեն մեր գործին:
Իմ մօտեցումը գուցէ շատ կտրուկ էր, բայց ես չեմ ափսոսում դրա համար: Վերջերս Նժդեհի գիրքն էի կարդում, հետաքրքիր էր տեսնել, որ 100 տարի առաջ Նժդեհը նոյն բանի մասին է գրել: Ես ուզում եմ մի փոքր բան կարդալ նրա յիշողութիւններից. «Այլ պիտի լինէր Հայութեան ճակատագիրը, եթէ նրա ղեկավարները ներքին իրարակերութեամբ զբաղուելու փոխարէն կռիւ յայտարարած լինէին իրենց թերութիւնների դէմ»: Ես ինքս գիտեմ, որ ես կատարեալ ղեկավար չեմ եղել, սխալներ եմ արել, բայց ես եղել եմ անկեղծ, ես եղել եմ հայրենասէր, ես եղել եմ աւելի պահանջկոտ ինքս իմ նկատմամբ, քան թէ ուրիշների:
Պարո՛ն նախագահ, ես ուզում եմ ասել, որ մենք երջանիկ ենք այստեղ, որովհետեւ հրաշալի ժողովուրդ ունենք, այդ ժողովուրդը ցոյց տուեց, որ ամէն ինչի կարող է դիմանալ, պատրաստ է պայքարելու, պատրաստ է մեր յետեւից գնալու, եւ դա իսկապէս մեծ պատիւ է, որ ես ունէի հնարաւորութիւն, եւ այդ մարդկանց հետ շփումից հասկացայ, թէ որքան ուժեղ է Արցախցին, հասկացայ Արցախցու եւ այլ տեղերում ապրող Հայերի տարբերութիւնը: Դա շատ ոգեւորիչ է:
Ես վստահ եմ, որ մենք կարող ենք յաղթարահել Ադրբեջանի կողմից կիրառուող «սալիամի»-ի ռազմավարութիւնը («ՆՅ» – երշիկի նման կտրտել / saucissonnage), որը շատ վտանգաւոր է: Ես վստահ եմ, որ ընտրութեան ճանապարհը ոչ թէ մէկ հոգի պէտք է ունենայ, կամ անվտանգութեան խորհուրդը, կամ մի քանի հարիւր հոգի, այլ ամբողջ ժողովուրդը պէտք է կայացնի շատ ծանր ու պատասխանատու որոշումը, որի մասին մենք խօսել ենք ե՛ւ շրջափակումից առաջ, ե՛ւ շրջափակման ժամանակ, ե՛ւ հանրահաւաքի ժամանակ:
Մենք բոլորս մարդիկ ենք, ովքեր ունեն իրենց թերութիւնները: Ես յոյսով եմ, որ եթէ ինչ-որ մէկին առանց գիտակցելու նեղացրել եմ, ներողամիտ կը լինէք, եթէ ինչ-որ բան չեմ ասել կամ արել, պատրաստ եմ ե՛ւ քննադատութիւն, ե՛ւ խորհուրդ լսելու, որովհետեւ ես միշտ սովորել եմ ուրիշներից:
Ես աշխատելու եմ այստեղ, մնալու եմ ձեր կողքին: Շնորհակալութիւն, պարո՛ն նախագահ, ամէն ինչի համար, չնայած, իսկապէս, մենք ունենք տարաձայնութիւններ տարբեր մօտեցումներում, բայց ընդհանուր գաղափարը, որ մենք ունենք կարմիր գծեր, որ ոչ մէկին չի կարելի անցնել դրանք: Այդ կարմիր գծերը շատ կարեւոր են մեր արժանապատւութեան, Արցախը հայկական, անկախ եւ արժանապատիւ պահելու համար: Ես վստահ եմ, որ մենք այդ ճանապարհը միասին ենք յաղթահարելու”: