Modern Website Header
Website Header with Working Banner

Սամուէլ Կարապետեանի յայտարարութիւնը. «Շուտով դատարանները անկախ են լինելու»

Յունիս 21-ին, գործարար, բարերար Սամուէլ Կարապետեան իր փաստաբանական խումբին միջոցով յղած է հետեւեալ յայտարարութիւնը.

«Ի՞նչ յաջողուեց ներկայ իշխանութիւններին,

Ա մաս.

Իմ նկատմամբ կալանքի որոշում կայացնելու օրը կեանքիս ամենահետաքրքիր օրերից մէկն էր: Ասեմ՝ ինչու. իմ աչքերով տեսայ իր իսկ մեղադրանքը ակնյայտ ստիպողաբար առաջադրած քննիչի յուզուած վիճակը՝ դատարանի կողմից ինձ կալանաւորելու որոշումը հրապարակելուց յետոյ, փորձառու դատախազի անմխիթար վիճակը՝ ամբողջ դատավարութեան ընթացքում: Եւ վերջապէս, իմ աչքերով տեսայ կոտրուած դատաւորի կեցուածքը, ով դատավարութեան ընթացքում իբր զարմանքով, տեղ-տեղ արհամարհանքով ունկնդրում էր քննիչի եւ դատախազի ապօրինի մեղադրանքը ու սնանկ փաստարկները՝ դրանով փորձելով դրսեւորել կարծես անկողմնակալ, անկախ վարքագիծ: Այնուհետեւ չորս ժամ խորհրդակցական սենեակում գտնուելուց յետոյ ցոյց տուեց, որ նա կախեալ է եւ անզօր:

Բայց ոչինչ, շուտով դատարանները անկախ են լինելու։

Պայքարելու ենք»։

«Ենթադրաբար՝ հարեւան երկրի նախագահի պահանջով հայ դատաւորի կողմից կալանաւորուեցի»

Աւելի ուշ, Սամուէլ Կարապետեանի փաստաբանները հրապարակած են անոր նամակին երկրորդ մասը։

«Ենթադրաբար՝ հարեւան երկրի նախագահի պահանջով, որտեղ դեռեւս 2021 թուականի Յունիսի 18-ից իմ նկատմամբ միջազգային հետախուզում է յայտարարուած, 4 տարի անց՝ 2025 թուականի նոյն օրը՝ Յունիսի 18-ին Հայաստանում, հայ դատաւորի կողմից կալանաւորուեցի եւ արդէն 3-րդ օրն է անցկացնում եմ բանտի խցում։

Ես եւ մեր ընտանիքը մեր ամբողջ կեանքի ընթացքում հնարաւորութիւնների սահմանում ամէն ինչ արել ենք օգնելու Հայաստանի Հանրապետութեանը եւ հայ ժողովրդին։ Արուածի ծաւալների մասին ուզում եմ առաջին անգամ հակիրճ կերպով խօսել։ Վստահ եմ, որ վերջին տասնեօթը տարիների ընթացքում մենք միայն կրկնապատկել ենք աշխարհասփիւռ հայութեան ներդրումները հայրենիքում եւ ստեղծել ենք աշխատատեղեր, որպէսզի մեր ժողովուրդն ապրի իր Հայրենիքում եւ վաստակի իր հանապազօրեայ հացը, որի մասին միշտ համեստօրէն լռել ենք։

Բայց միայն այստեղ հասկացայ, որ մեր Հայրենիքին այսօր աւելի անհրաժեշտ է պայքարելու եւ չյանձնուելու կամքը։ Ամէն օր միջանցքներում եւ տեսակցութեան վայրերում հանդիպելով կալանաւորներին՝ զարմանում եմ, թէ ինչքան ծաղկուն տարիքի տղաներ են այստեղ գտնւում եւ վստահ եմ, որ նրանցից շատերն ինձ նման անօրինական որոշումների հիման վրայ, իսկ ոմանք՝ ոչ մեծ յանցագործութիւնների հետեւանքով են յայտնուել այստեղ։ Եւ չվախենալով հսկիչների ներկայութիւնից՝ բղաւում են, որ իրենց վերջին յոյսը ես եմ։ Ու այսօրուանից իմ փաստաբանական խմբի միջոցով հրաւիրելու ենք տարբեր անաչառ փաստաբանների, ովքեր պատրաստ են աջակցել եւ փորձել վերանայել վերջին եօթը տարիների այդպիսի գործերը եւ պայքարել իւրաքանչիւր հայ մարդու խախտուած իրաւունքների համար։ Այդ ամէնի համար պատրաստ եմ միջոցներ տրամադրել։

Շուտով արդարութիւնը եւ արդարադատութիւնը՝ վերականգուելու են:

Պայքարելու ենք:

Շարունակելի…»։