Modern Website Header
Website Header with Working Banner

Վրթանէս Եպիսկոպոս Աբրահամեան.– «Արցախի ազատութեան և անկախութեան ձայնը հնարաւոր չէ լռեցնել ո՛չ մի արհեստական տարբերակով» 

 

Արցախի թեմի առաջնորդ Վրթանէս Եպիսկոպոս Աբրահամեանի ուղերձը՝ Սուրբ Ծննդեան եւ Աստուածայայտնութեան տօնին առիթով.-

«Սիրելի՛ հաւատաւոր քոյրեր եւ եղբայրներ,

Ահա այս գեղեցիկ փառաբանութիւնն էին երգում հրեշտակները մեր Տիրոջ Սուրբ Ծննդեան գիշերը, եւ այս փոքրիկ երգը իր մէջ ամփոփում է Աստծոյ փրկագործ տնօրինութեան ամբողջ իմաստն ու էութիւնը։ Աստուած այնքան է սիրում մարդկանց, որ նոյնիսկ իր Միածին Որդուն ուղարկեց, որ Նրան հաւատալու շնորհիւ մարդկանց մէջ տիրի սէր եւ հաճութիւն, երկրի վրայ խաղաղութիւն, եւ հէնց սա է Աստծոյ համար ամենացանկալի փառաբանութիւնը։

Այսօր, ազգային մեր կեանքում տեղ գտած փորձութիւնների եւ Արցախի արհեստական մեկուսացման պայմաններում, մեր ականջներին քաղցր է հնչում Սուրբծննդեան խաղաղութեան աւետիսը, բայց ե՛ւ փոթորկում է բոլորիս միտքն ու հոգին։ Ինչո՞ւ չեն դադարում պատերազմները, ինչո՞ւ Փրկչի աշխարհ գալով չտիրեց յարատեւ խաղաղութիւն։ Այս մտահոգութիւնները բնական են, բայց արդիւնք են քրիստոնէութեան թերի ընկալման։

Քրիստոս աշխարհ չեկաւ մոգական մի զօրութեամբ վերացնելու ամէն ցաւ ու վիշտ, որովհետեւ այդ պարագային ո՛չ մի արժէք չէր ունենայ մարդու ազատութիւնը, չէր լինի իր ընտանիքով, իր կառուցած ու պահպանած հայրենիքով ուրախանալու երջանիկ զգացողութիւնը, այլ կը նմանուէինք արհեստական խաղաղութեան մէջ ապրող մարդամեքենաների։

Ուրեմն ո՞րն է Քրիստոսի բերած խաղաղութիւնը։ Քրիստոսով Աստուած բացեց մեզ համար Երկնքի Արքայութեան ճանապարհը եւ հրաւիրեց բոլորին ազատօրէն քայլելու այդ ճանապարհով։ Սա նշանակում է, որ Աստուած մեզ տուեց խաղաղութեան համար անհրաժեշտ բոլոր գործիքները, ցոյց տուեց դրանց կիրառութեան եղանակներն ու արդիւնքը եւ մշտապէս սպասում է մեր պատասխան քայլերին։

Այս ճշմարտութիւնները մեր ազգը հասկացել է երկու հազարամեակ առաջ, եւ քանի որ այն հարազատ էր նաեւ իր ծագման, կազմաւորման ակունքներին եւ կեանքի փիլիսոփայութեանը, ուստի ընդառաջ է գնացել Քրիստոսին։ Շատ յաճախ իր ընտրած ճանապարհին հաւատարիմ մնալու համար մեր ազգը Փրկչի նման յանձն է առել փառաց պսակների փոխարէն փշէ պսակներ կրել իր գլխին, որովհետեւ հաւատացել է նաեւ յարութեանը։ Բայց շատ յաճախ էլ հէնց այդ ճանապարհից շեղումը առիթ է դարձել կորուստների ու պարտութիւնների, որովհետեւ ում շատ է տրուած, նրանից շատ էլ կը պահանջուի։

Այսօր կարծես թէ երկու իրականութիւնն էլ առկայ է Արցախում․ մենք մեր ոչ-քրիստոնէական ապրելակերպի հետեւանքով ունեցանք պարտութիւն եւ կորուստ, եւ վճարեցինք մեր սխալների համար, իսկ այսօր տառապած մեր երկրում տիրում է միասնութիւն եւ համերաշխութեան մթնոլորտ եւ այստեղից հնչում է արդարութեան ձայնը, բայց մարդկութիւնը խլացնում է իր ականջները՝ չլսելու այդ ձայնը, ինչպէս չլսեց Քրիստոսի արդարութեան քարոզը։ Եւ այս վիճակում մեր ականջներին կրկին հնչում է Յիսուս Քրիստոսի կենարար ձայնը․ «Քաջալերուեցէ՛ք, որովհետեւ ես յաղթեցի աշխարհին»։

Քրիստոսի ճիշդ խօսքերը երաշխիքն են մեր արդար պայքարի ու համբերութեան, որ այս դժուար օրերին առաւել միասնական է դարձրել մեզ բոլորիս։ Արցախի ապագան այսօր նորից դարձել է Հայի արժանապատւութեան յաջորդական քննութիւնը, եւ որպէսզի այդ քննութիւնը ստանայ պատուաբեր գնահատական, պէտք է ազգովին սթափուենք ու զգաստանանք։ Նայելով այսօրուայ տիրող անտարբերութեան եւ թմրածութեան մթնոլորտին, երբ մեր ազգի մի մասը քնի մէջ սուզուած լուսնոտի նման գնում է դէպի անդունդ, ու ոչինչ չի տեսնում եւ չի զգում։ Արցախը եւ ձեզանից իւրաքանչիւրը պիտի դառնայ մեր ազգի Հոգու եւ Խղճի Զարթուցիչը։

Մեր ազգը հոգեւոր ազգ է, եւ մեր ուժը հէնց դրա մէջ է, հոգեւորից դուրս մենք թուլանում ենք ու տկարանում։ Սա աստուածատուր շնորհ է, եւ սրանով ենք մենք տարբերւում ուրիշներից։ Օգտագործելով այդ շնորհը՝ մենք լուսաւորւում ենք, վերափոխւում եւ դառնում անխոցելի, անպարտելի։

Սրանք ուղղակի գեղեցիկ խօսքեր չեն, այլ մեր նախնիների կողմից ապրուած ճշմարտութիւններ, եւ եթէ այսօր մենք աղօթքով միանանք մեր սրբազան նախնիների, մեր նահատակ քաջորդիների հետ, ապա կը լսենք նաեւ նրանց ձայնը․ «Քաջալերուեցէ՛ք, որովհետեւ մենք յաղթեցինք աշխարհին եւ մի՛ դադարէք պայքարել եւ արդարութեան ձայնը հնչեցնել»։

Սուրբ Գրքի հրաշքը կայանում է նրանում, որ այն միշտ ներկայ ժամանակով է գործում եւ այսօր էլ Նրա բազմաթիւ պատգամներ կարծես թէ հէնց Արցախի համար լինեն գրուած։ Երբ այսօր մեզ մտահոգում է նաեւ պարէնային անվտանգութեան խնդիրը, մեր ականջներին հնչում է աւետարանական այն խօսքը, թէ միայն հացով չէ, որ մարդը կ՚ապրի, այլ ամէն մի խօսքով, որ դուրս է գալիս Աստուծոյ բերանից։ Սա նշանակում է, որ մենք չպէտք է տրտմենք սնունդի որոշակի տեսակների բացակայութեան պատճառով, այլ որոշ ժամանակ բաւարարուենք եղածով՝ յանուն արդարութեան եւ ճշմարտութեան յաղթանակի։ Յիշենք, թէ ինչպէս Իսրայէլի ժողովուրդը անապատում 40 տարի միատեսակ սնունդ էր օգտագործում։

Մեր բոլոր այս մտորումները, հաւաքական անհանգստութիւններն ու ապագային ուղղուած բարի իղձերը այսօր նորից մեզ բերում են եւ կանգնեցնում Բեթղեհէմեան մսուրի առջեւ։ Ինչպէս 2023 տարիներ առաջ Բեթղեհէմի երկնքում փայլող աստղը աշխարհի երեք իմաստուն թագաւորների ուղեկցեց դէպի մի աննշան քարայրի մէջ ծնուած Յիսուս Մանկան մօտ` երկրպագելու եւ Արդարութեան Արեգակի ծննդեան վկան լինելու, նոյն կերպ Սուրբ Ծննդեան այս օրը այդ աստղը ծագում է աշխարհից մերժուած ու մոռացուած Արցախ անունով մսուրի վրայ, եւ հրաւիրում է աշխարհի հզօրներին լսելու այնտեղ շարունակ ծնուող արդարութեան ձայնը։ Բեթղեհէմեան մսուրի մէջ ծնուած Մանուկն այս օրերին գալիս է մեզ եւս մէկ անգամ յիշեցնելու, որ ճշմարտութեան եւ արդարութեան ձայնը հնարաւոր չէ խլացնել, եւ անգամ մի աննշան քարայրում ծնուելով, այն կարող է ազդել ու փոխել ամբողջ աշխարհը։ Նոյն կերպ հնչում է նաեւ Արցախի ազատութեան եւ անկախութեան ձայնը, որ հնարաւոր չէ լռեցնել ոչ մի արհեստական տարբերակով։

Բայց ամէնից առաջ յիշենք թէ ովքեր էին այդ երեք թագաւորները։ Սրբազան աւանդութիւնը մեզ փոխանցում է, որ մոգերը Պարսկաստանի, Հնդկաստանի եւ Արաբիայի թագաւորներն էին, ովքեր այլադաւան լինելով հանդերձ՝ ընդունեցին Քրիստոսի Ճշմարիտ և Աստուածային լինելը։

Միգուցէ աւետարանական այս գեղեցիկ դրուագը յուշում է մեզ քրիստոնէական Արցախի եւ Հայաստանի փրկութեան ճանապարհը․․․

Սուրբ Ծննդեան աստուածապարգեւ օրուայ խորհրդով լուսաւորուած՝ ողջունում եւ մեր շնորհաւորանքներն ենք բերում Արցախի Հանրապետութեան նախագահներին, Պետական նախարարին ու Արցախի ողջ պաշտօնէութեանը, մեր բանակի քաջարի զինուորներին ու հրամանատարներին, աղօթում ենք մեր բոլոր նահատակ տղաների հոգիների խաղաղութեան ու նրանց հարազատների Աստծով մխիթարութեան համար, իսկ Ձեզ՝ Մայր Հողին կառչած Արցախցիներիդ, մաղթում ենք յոյս, հաւատ, սէր, ոգու ամրութիւն եւ ապագայի հանդէպ լաւատեսութիւն։ Թող որ Մանուկ Յիսուսը ծնուի խոնարհութեան շնորհիւ մսուր դարձած մեր հոգիներում եւ առաջնորդի մեզ խաղաղութեան ճանապարհներով։

ՔՐԻՍՏՈՍ ԾՆԱՒ ԵՒ ՅԱՅՏՆԵՑԱՒ, ՁԵԶ ԵՒ ՄԵԶ ՄԵԾ ԱՒԵՏԻՍ»։