ՓԱԼԵԶՕ – Կոմիտասի ճանապարհը. լոյսի վերադարձը բեմ

Հոկտեմբերի 19-ին, Փալեզոյի «La Passerelle» թատրոնի բեմում ներկայացումը հանդիսատեսին տարաւ իսկական հոգեւոր ճանապարհորդութեան։ «Կոմիտասի ճանապարհը» խորագրով համերգհամադրութիւնը, նուիրուած Կոմիտաս Վարդապետի մահուան 90-ամեակին, Արտաւազդ Սարգսեանի գեղարուեստական ղեկավարութեամբ եւ գրութեամբ, դարձաւ արուեստի, յիշողութեան եւ յոյսի հանդիպման վայր։

Սա պարզապէս համերգ չէր. սա երաժշտութեան, պարի, կերպարուեստի եւ թատրոնի համատեղ ծնունդ էր՝ ստեղծելով մի ամբողջական աշխարհ, որտեղ իւրաքանչիւր գոյն, շարժում ու հնչիւն ծնւում էին նոյն ներշնչումից։

Հանդիսատեսը շուտով հասկացաւ, որ այս երեկոն սովորական ներկայացում չէ. այն կենդանի երկխօսութիւն էր բեմի եւ դահլիճի միջեւ։

Երբ առաջին մեղեդիներն էին հնչում, անսպասելիօրէն հանդիսատեսների շարքերից մի մարդ ընդհատեց ներկայացման սկիզբը։ Բեմադրութեան հեղինակի հրաւէրով նա դանդաղ քայլեց դէպի բեմ՝ կարծես անցնելով ժամանակի եւ յիշողութեան սահմանը։ Դա Կոմիտասն էր՝ վերադարձած սեփական անցեալի խորքերից։

Դերասան ՓօլԱլեքսանդր Տիւպուան վարպետօրէն մարմնաւորեց մեծ Վարդապետին՝ նրան հաղորդելով այն ներքին լռութիւնն ու հոգու պայծառութիւնը, որոնք շարունակում են ապրել հայ ժողովրդի հաւաքական յիշողութեան մէջ։ Նրա խօսքն ու հայեացքը վերածուեցին կենդանի յիշատակի՝ միաժամանակ խոհուն եւ լուսաւոր։

Բեմն ու դահլիճը միաձուլուել էին մէկ ամբողջութեան մէջ։

Կոմիտասը դիմեց հանդիսատեսին՝ հարցնելով, արդեօք նրանց մէջ կա՞ն արուեստագէտներ՝ օրինակ՝ պարողներ կամ նկարիչներ։ Նրա խօսքերից յետոյ բեմ բարձրացան պարուհի Անայիս Կէտիկեանն ու նկարչուհի Աղաւնի Գոլէցեանը։ Իրենց արուեստով նրանք շարունակեցին Կոմիտասի «ընդհանուր գեղեցկութեան» գաղափարը՝ ջնջելով սահմանները բեմի եւ հանդիսատեսի միջեւ։ Այդ պահից ամէն ինչ վերածուեց մէկ, կենդանի, շնչող գործողութեան։

Պարուհու նուրբ շարժումները եւ Աղաւնի Գոլէցեանի կենդանի կտաւը՝ ծնուած երաժշտութեան հնչիւնների ներքոյ, ստեղծեցին գոյնի եւ ձայնի հրաշալի հոսք։ Նկարի դեղին ու կապոյտ լուսային շողերը խորհրդանշում էին Կոմիտասի լոյսը, որը շարունակում է ճառագայթել ժամանակների միջով։

Երաժշտական մասը ներկայացնում էր Կոմիտասի «ֆրանսիական տարիների» շունչը՝ Տեպիւսիի, Ֆօռէի, Ռաւէլի եւ ՍէնՍանսի երանգներով։ Այդ բարդ երաժշտական հիւսուածքում առանձնացաւ ջութակահար Դաւիթ Յակոբեանը, որի նուրբ եւ ազնուական կատարումը դարձաւ կամուրջ անցեալի ցաւի եւ ներկայի վերածննդի միջեւ։

Դաւիթը 44-օրեայ պատերազմի ընթացքում եղել է առաջին գծում եւ, անցնելով կեանքի ամենադաժան փորձութիւնը, գտել է ուժ՝ վերադառնալու դէպի արուեստը։ Նրա ելոյթը խորհրդանշում էր ոչ միայն երաժշտական կատարում, այլեւ մարդկային տոկունութեան ու հոգեւոր յաղթանակի պատմութիւն։

Թենոր Արտաւազդ Սարգսեանի ձայնը՝ մաքուր, խոր եւ յուզիչ, միաւորում էր հայ եւ ֆրանսիական մեղեդիները՝ յիշեցնելով երկու ժողովուրդների հոգեւոր եւ մշակութային հարազատութիւնը։ Նրա «Bleuet»-ի կատարումը դահլիճում ստեղծեց այնպիսի լռութիւն, որը ծնւում է միայն իսկական արուեստի առջեւ՝ երբ բառերը լռում են, իսկ յոյզերը խօսում։

Երեկոյի աւարտին Աղաւնի Գոլէցեանի կտաւը բացայայտեց լուսաւոր անտառ՝ գիշերուայ մէջ բացուող ճեղքուածքով։ Դա դարձաւ ամբողջ ներկայացման խորհրդանիշը՝ ցաւը, որ վերածւում է լոյսի, եւ արուեստը, որ բուժում է յիշողութիւնը։

«Կոմիտասի ճանապարհը» Փալեզոյում դարձաւ ոչ միայն յարգանքի տուրք մեծ երաժշտին, այլեւ ֆրանսահայ բարեկամութեան կենդանի խորհրդանիշ՝ արուեստի լեզուով պատմուած մի պատմութիւն, որտեղ անցեալն ու ներկան միաձուլւում են յոյսի եւ գեղեցկութեան մէջ։

Թղթակցութիւնը եւ լուսանկարները՝ Արթուր ԱՐԶՈՅԵԱՆի

(UFRARM ֆրանսահայ մշակութային միութիւն)