Modern Website Header
Website Header with Working Banner

«ՀՀ զինուած ուժերը պէտք չէ ի սպաս դրուեն Արցախում ցեղային զտումը ողջունող օտար բռնապետերի շահերին»

Հայաստանեան հասարակական կազմակերպութիւններու յայտարարութիւնը

Հայաստանեան հասարակական երկու տասնեակ կազմակերպութիւններ (ի շարս որոնց հեղինակաւոր եւ ծանօթ կառոյցներ, ինչպէս՝ «Թրանսփարէնսի Ինթերնեշընըլ հակակոռուպցիոն կենտրոն», «Մարդու իրաւունքների հետազօտութիւնների կենտրոն», Լրագրողներու «Ասպարէզ» ակումբ…), վերոնշեալ խորագիրը կրող յայտարարութեամբ մը իրենց արդար բողոքը կը յայտնեն ՀԱՊԿ-ի խորհուրդի (իմա՝ հայաստանեան իշխանութիւններուն եւ ի մասնաւորի՝ Փաշինեանին, քանի Հայաստան ներկայիս ստանձնած է ՀԱՊԿ-ի նախագահութիւնը) Ղազախստան խաղաղապահեր ղրկելու միտումին դէմ։ Յայտարարութեան հրապարակման պահուն որոշումը դեռ չէր կայացուած, բայց եւ այնպէս այդ հանգամանքը բան չի փոխեր անոր մէջ տեղ գտած հաստատումներէն ու դատապարտումներէն։

Յայտարարութեան մէջ յատկապէս կ՚ըսուի.-

«2022թ. Յունուարի 2-ին Ղազախստանում հեղուկ գազի գնի կտրուկ բարձրացման որոշման դէմ սկսուած ցոյցերը տարածուել են ամբողջ երկրով եւ վերածուել բռնապետական վարչակարգի դէմ ժողովրդական շարժման: Պաշտօնական տեղեկութիւնների համաձայն՝ կան աւելի քան 300 վիրաւորներ, եւ տասնեակ սպանուածներ ցուցարարների եւ ոստիկանների շրջանում: Հարիւրաւոր ցուցարարներ ձերբակալուած են՝ առանց մարդու իրաւունքների տարրական երաշխիքների ապահովման: Երկրի մի շարք քաղաքներում եւ Ալմա-Աթայի նահանգում յայտարարուել է արտակարգ դրութիւն: 2022թ. Յունուարի 5-ին նախագահ Տոկաեւի կողմից բանաւոր դիմում է ներկայացուել ՀԱՊԿ` իրավիճակը յաղթահարելու նպատակով աջակցութեան ակնկալիքով:

Նոյն օրը ՀԱՊԿ Հաւաքական անվտանգութեան խորհուրդը որոշում ընդունեց զինուած ուժեր ուղարկել այդ երկիր, եւ դրա մունետիկը եղաւ տուեալ պահին ՀԱՊԿ Հաւաքական անվտանգութեան խորհուրդը նախագահող՝ Հայաստանի ղեկավար Նիկոլ Փաշինեանը, որը ՀԱՊԿ խորհրդի որոշումը հրապարակեց ՀՀ վարչապետի պաշտօնական կայքում եւ պաշտօնական ընկերային հարթակներում՝ առնչելով նման որոշումը Հայաստանի Հանրապետութեան հետ։ Արդէն իսկ կան նախանշաններ, որ Հայաստանը նախապատրաստում է զօրք ուղարկել Ղազախստան՝ ներքաղաքական գործընթացներին ներգրաւուելու նպատակով։ Մինչդեռ նոյն ՀԱՊԿ-ն ոչ մի գործնական քայլ չարեց Հայաստանի Հանրապետութեան դէմ արտաքին յարձակումը վերացնելու ուղղութեամբ։

2018-ին Հայաստանի ժողովուրդը մերժել է բռնապետութիւնը եւ ժողովրդավարութեան ամրապնդման ուղի ընտրել։ Հնարաւոր է, որ Հայաստանի իշխանութիւնը, պետութեան անվտանգութեան խոցելի վիճակով պայմանաւորուած, օգտագործւում է բռնապետական երկրների ակումբի կողմից, սակայն սա ոչ մի կերպ չի արդարացնելու նրա անհեռատես վարքագիծը եւ կասկածի տակ է դնելու ժողովրդավարական պետութիւնների ընտանիքում գտնուելու նրա մտադրութիւնը։

ՀԱՊԿ անդամ երկրների կազմում Ղազախստանի ներքին գործերին միջամտելը՝ այդ երկրի բնակչութեան արդարացի ցասման դէմ գործողութիւններին եւ մարդու իրաւունքների հնարաւոր խախտումներին մասնակցութեամբ զգալի եւ անդառնալի վնաս է հասցնելու Հայաստանի միջազգային վարկանիշին՝ համապատասխան հետեւանքներով։ Միւս կողմից այն ծայրայեղ վտանգաւոր իրավիճակ է ստեղծելու Ղազախստանի եւ նաեւ յարակից երկրների բազմահազար Հայութեան համար, ընդ որում՝ զարգացման ցանկացած բեմագրութեան պարագայում։

Ցանկացած երկրի ժողովուրդ ինքը պէտք է ընտրի իր իշխանութիւններին, եւ ոչ մի այլ երկիր չունի օրինական իրաւունք՝ միջամտելու ներքաղաքական կեանքին։ Հայաստանի զինուած ուժերը այսօր իրենց առաքելութիւնն ունեն մեր երկրի սահմանների պաշտպանութեան գործում եւ պէտք չէ ի սպաս դրուեն Հայաստանի անվտանգութեան սպառնալիքներին անտարբեր եւ Արցախում ցեղային զտումը ողջունող օտար բռնապետերի շահերին։

Դատապարտո՛ւմ ենք ՀՀ կառավարութեան անհեռատես եւ անպատասխանատու քայլերը։

Պահանջո՛ւմ ենք ՀՀ կառավարութիւնից՝ ողջամիտ լինել իր որոշումներում եւ ձեռնպահ մնալ Հայաստանի վարկանիշը վտանգի ենթարկելուց, բռնագրաւողի կարգավիճակում յայտնուելուց եւ՝ վտանգի չենթարկել Ղազախստանում Հայերի ճակատագիրը։

Պահանջո՛ւմ ենք ՀՀ կառավարութիւնից ձեռնպահ մնալ Ղազախստան զօրամիաւորումներ ուղարկելուց»։ ■