Գանձասարը՝ ռէալպոլիտիկի եւ ցինիզմի միջեւ
Եղիազար Այնթափցի
« 1in.am », Երեւան, 2026 Սեպտեմբեր 12
Ադրբեջանում հաւատարմագրուած շուրջ 150 օտարերկրեայ դիւանագէտների եւ միջազգային կառոյցների ներկայացուցիչների տարել են Գանձասար եւ Դադիվանք։ Հիքմեթ Հաճիեւը նրանց ներկայութեամբ երկու վանքերն էլ ներկայացրել է որպէս «Կովկասեան Աղուանքի քրիստոնէական ժառանգութիւն», իսկ Հասան Ջալալին՝ որպէս «աղուանական իշխան»։
Սա պատմական էքսկուրսիա չէր, այլ պետականօրէն կազմակերպուած քաղաքական ներկայացում՝ միջազգային դիւանագիտական կորպուսի ներկայութեամբ։ Գանձասարի պատերին հայերէն արձանագրութիւններ կան։ Հասան Ջալալի պատմական ինքնութիւնը եւ վանքի հայկական պատկանելութիւնը մասնագիտական գրականութեան մէջ վաղուց փաստագրուած են, բայց ժամանակակից քաղաքականութեան մէջ երբեմն փաստից աւելի կարեւոր է դառնում այն տեսարանը, որը յաջողւում է ստեղծել, եւ Բաքուն հէնց այդ տեսարանն էր ստեղծում։
Տասնեակ երկրների ներկայացուցիչներ կանգնած են հայկական վանքի բակում, իսկ Ադրբեջանի բարձրաստիճան պաշտօնեան նրանց բացատրում է, թէ այդ վանքը հայկական չէ։ Յետոյ տարածւում են լուսանկարներ, տեսանիւթեր, պաշտօնական հաղորդագրութիւններ։
Դիւանագէտների ներկայութիւնը, ի հարկէ, չի նշանակում, որ նրանք ընդունել են ադրբեջանական պատմագրութիւնը։ Բայց Բաքուի համար կարեւոր է այլ բան՝ նրանք եկել են, լսել են եւ կանգնել են այդ պատմութեան բեմում։ Ահա սա է մերօրեայ ռէալպոլիտիկը։
Ցինիզմն առաւել տեսանելի է մի պատճառով՝ նոյն պահին, երբ Ադրբեջանի իշխանութիւնները Գանձասարում յայտարարում են, թէ պաշտպանում են բոլոր մշակութային եւ կրօնական յուշարձանները, արբանեակային ուսումնասիրութիւնները փաստագրում են հայկական եկեղեցիների ու գերեզմանոցների ոչնչացումը։ Ստեփանակերտում եկեղեցիներ են քանդուել։ Շուշիի պատմական գերեզմանոցը հողին է հաւասարեցուել։ Հայկական մշակութային ներկայութեան հետքերը ոչ միայն պահպանութեան, այլեւ վերագրելու, փոփոխելու կամ վերացնելու վտանգի տակ են։
Հաճիեւը դիւանագէտներին ասում է՝ «տեսնել՝ նշանակում է հաւատալ»։
Ճիշտ է։
Բայց պէտք է տեսնել ամբողջը։
Պէտք է տեսնել ոչ միայն այն վանքը, ուր կառավարական աւտոբուսով քեզ տարել են, այլեւ այն եկեղեցին, որն այլեւս չկայ։ Ոչ միայն վերականգնուող շինութիւնը, այլեւ հողին հաւասարեցուած գերեզմանոցը։ Ոչ միայն պետական պաշտօնեայի բացատրութիւնը, այլեւ պատերի հայերէն արձանագրութիւնները։
Միջազգային քաղաքականութիւնը, սակայն, այդպէս չի գործում։
Եւրոպային պէտք է ադրբեջանական գազը, Կասպից ծովով ճանապարհը եւ Կենտրոնական Ասիայի հետ կապը։ Միացեալ Նահանգներին պէտք է Հայաստան-Ադրբեջան խաղաղութիւնը եւ TRIPP-ի յաջողութիւնը։ Թուրքիային պէտք են տարածաշրջանային հաղորդակցութիւնները։
Այս շահերի կողքին հայկական գերեզմանոցի ճակատագիրը յաճախ երկրորդական է դառնում։
Դաժան է, բայց ոչ անսովոր։
Պատմութեան ընթացքում մեծ տէրութիւնները բազմիցս ընտրել են այն յիշողութիւնը, որը չի խանգարում իրենց ընթացիկ շահերին։ Փոքր ժողովուրդների սխալը եղել է այն համոզումը, թէ պատմական ճշմարտութիւնը ինքն իրեն կը պաշտպանի։
Չի պաշտպանի։
Եթէ Հայաստանը ցանկանում է, որ յիսուն տարի յետոյ Գանձասարը աշխարհին ներկայանայ իր իրական պատմութեամբ, այդ պատմութիւնը պէտք է այսօր ամրագրուի ոչ միայն քաղաքական յայտարարութիւններով, այլ փաստաթղթերով, գիտական աշխատանքով, արբանեակային մշտադիտարկմամբ, իրաւական պաշտպանութեան մեխանիզմներով եւ հետեւողական դիւանագիտութեամբ։
Իւրաքանչիւր դեսպան, որը Բաքուի կազմակերպած այցով մտնում է Գանձասար, պէտք է նախապէս Հայաստանից ստացած լինի նաեւ Գանձասարի ամբողջ փաստագրուած պատմութիւնը, որովհետեւ այստեղ պայքարը միայն վանքի համար չէ՝ պայքարը նրա համար է, թէ ում պատմութիւնն է մնալու վանքի պատերից դուրս։
Միջազգային քաղաքականութեան այս կոշտ տրամաբանութիւնը պէտք է տեսնել այնպէս, ինչպէս կայ, բայց առաւել վտանգաւոր է նրան յարմարուել այնքան, որ վերջում ուրիշներն արդէն մեր փոխարէն պատմեն մեր պատմութիւնը։
