Սումկայիթի ոճրագործութեան հետեւանքով զոհուած Հայերու 35-րդ տարելիցին կապակցութեամբ Ռուբէն Վարդանեան Դիմագիրքի իր էջին գրառումով հաղորդած է.
«Այսօր մենք ոգեկոչում ենք 35 տարի առաջ Սումգայիթում Ադրբեջանցիների կողմից Հայերի դէմ տեղի ունեցած դաժան ոճրագործութեան զոհերի յիշատակը:
Սումգայիթի ջարդերը Խորհրդային Ադրբեջանում Հայերի հանդէպ քարոզուող ատելութեան եւ անհանդուրժողականութեան ողբերգական հետեւանքն էին: Սումգայիթից յետոյ կոտորածները շարունակուեցին Գանձակում, իսկ 1990 Յունուարին՝ Բաքւում: Խորհրդային Ադրբեջանում ապրող աւելի քան կէս միլիոն Հայերը տեղահանուեցին ամենադաժան ու բռնի ձեւերով:
Մենք մեր պատմութիւնից պիտի կարողանանք ճիշդ դասեր քաղել ու ամէն ինչ անել՝ ուժեղանալու ու մեր հայրենակիցներին պաշտպանելու համար, որտեղ էլ որ նրանք լինեն: Այնպէս անենք, որ նրանց կեանքի, արժանապատւութեան նկատմամբ ոտնձգութիւն իրականացնողը հասկանայ, որ մենք կարող ենք համախմբուել ու արժանի պատասխան տալ: Միայն այդպէս է հնարաւոր բացառել նման ողբերգական էջերի կրկնութիւնը»: