Արցախի նախագահ.– “Հաշուի առնելով ադրբեջանական սպառնալիքները, իրաւունք ունենք եւ պարտաւոր ենք մտածել նաև ինքնապաշտպանական կարողութիւնների մասին”

Արայիկ

Սեպտեմբեր 19-ին, Արցախի նախագահ Արայիկ Յարութիւնեան հանդէս եկած է տեսաուղերձով։ Ստորեւ կու տանք հատուածներ՝ ներկայացուած հիմնական գաղափարնեէն.-

Հայոց պետականութիւնը կանգնած է նոր ու աղէտալի պատերազմի շեմին

«Ո՛չ միայն Արցախի հանրապետութիւնը, այլեւ Հայաստանի Հանրապետութիւնն ունի ե՛ւ կարճաժամկէտ, ե՛ւ երկարաժամկէտ անվտանգութեան ապահովման խնդիր, որ մերօրեայ գլխաւոր մարտահրաւէրն է: Պէտք է անկեղծօրէն խոստովանենք, որ հայոց պետականութիւնը կանգնած է նոր ու աղէտալի պատերազմի շեմին, որը կարող է ոչ պակաս ծանր հետևանքների յանգեցնել, քան՝ 44-օրեայ պատերազմը: Եւ այդ վտանգի կանխումը կամ կառավարումը պէտք է տեղի ունենայ և՛ անվտանգային, և՛ քաղաքական գործիքակազմերով: Ջանք ու եռանդ չի խնայուել և չի խնայուելու պաշտպանութեան սեփական համակարգը, հնարաւորութիւնների սահմաններում, արդիականացնելու և առկայ մարտահրաւէրներին համապատասխանեցնելու ուղղութեամբ»:

«Հակամարտութիւնը պէտք է կարգաւորուի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրաւունքի և դրա իրացման արդիւնքների անսակարկելի ճանաչման հիման վրայ»

«Ինքնորոշման իրաւունքն Արցախի ժողովրդին տրուած է ո՛չ միայն միջազգային իրաւունքի հանրայայտ փաստաթղթերով, այլև՝ հակամարտութեան կարգաւորման միջազգային լիազօրագիր ունեցող ԵԱՀԿ փաստաթղթերով: Աւելի՛ն, 44-օրեայ պատերազմի հետևանքով անհիմն ու ժամանակավրէպ են դարձել հակամարտութեան կարգավորման հիմքում ընկած երեք սկզբունքներից երկուսը՝ տարածքային ամբողջականութիւնը, ուժի եւ ուժի սպառնալիքի կիրառման անթոյլատրելիութիւնը, իսկ ադրբեջանական յարձակումը ու մարդկութեան դէմ ուղղուած յանցագործութիւնները անառարկելիօրէն ամրապնդել են մեր ինքնորոշման իրաւունքի ճանաչման ու պաշտպանութեան անհրաժեշտութիւնը՝ որպէս ե՛ւ միջազգային հանրութեան կողմից չիրականացված սկզբունք ու պարտաւորութիւն, ե՛ւ Արցախի ժողովրդի ֆիզիքական գոյության երաշխիք»:

«Ինքնորոշման իրաւունքի մի՛ակ տէրը Արցախի ժողովուրդն է, որը չի դադարեցնելու իր պայքարը սեփական հայրենիքում սեփական ճակատագիրը որոշելու և լիիրաւ կերպով տնօրինելու համար, և վստահ եմ, որ այդ պայքարը շարունակուելու է ողջ հայ ազգի ու մեր բարեկամների անվերապահ աջակցութեամբ: Սեփական տեսակը պահպանելու համար պատմութիւնը թէև մեզ կանգնեցրել է արեան գնով երկու հայկական պետութիւն ստեղծելու հարկադրանքի առջեւ, այդուհանդերձ, մենք մշտապէս ապրել ու հիմա էլ առաջնորդւում ենք հայկական մէկ միասնական հայրենիքի գաղափարով, որի դէպքում պէտք է լիարժէք գիտակցենք միմեանց նկատմամբ մեր պատասխանատւութեան չափն ու նշանակութիւնը և անպատասխանատու վարքի հետևանքները: Ուստի, ինքնորոշման իրաւունքի եւ մեր ազգային շահերի հիման վրայ՝ մենք շարունակում ենք ձգտել Արցախի Հանրապետութեան անկախութեան միջազգային ճանաչմանը, որը մեր ընտրած ուղին է 1991 թուականից ի վեր, որը, միւս կողմից, չպէտք է հարուածի տակ դնի Մայր Հայաստանի հետ համարկման բարձր մակարդակը»:

«Բոլորը պէտք է ընկալեն, որ հակամարտութեան կարգաւորման ու անկախութեան միջազգային ճանաչման համար անհրաժեշտ են մի շարք պայմաններ՝ աշխարհաքաղաքական բարենպաստ վիճակ, անվտանգային գործուն երաշխիքներ, Ադրբեջանի յարձակողական քաղաքականութեան ու ախորժակի զսպման միջազգային կամք ու վարք: Դրանք այն նուազագոյն պայմաններն են, որոնց ապահովման ուղղութեամբ չպէտք է ջանք ու եռանդ խնայել, կրկին պէտք է համախմբուել՝ Արցախ-Հայաստան-Սփիւռք եռամիասնութեամբ:

Պէտք է զինուենք համբերութեամբ ու ռազմավարական պայքարով շարունակենք մեր ընտրած ճանապարհը՝ յստակ պահելով կարմիր գծերը: Համոզուած եմ, որ խելամիտ, հետևողական ու ռազմավարական ջանքերի շնորհիւ մեր արդար նպատակն իրագործուելու է: Այդ կարմիր գծերի պահպանման համածիրի մէջ են մեր այն յայտարարութիւնները, որ մեզ համար անընդունելի է որեւէ փաստաթուղթ, որը կարող է Արցախը դիտարկել որպէս Ադրբեջանի մի մաս»։