Ֆութպոլի աշխարհի ամէնէն ծանօթ հայ խաղացողը՝ Հենրիխ Մխիթարեան ընկերային ցանցերու մէջ հրապարակած հաղորդագրութեամբ՝ յայտարարած է, թէ վերջ կը դնէ ազգային հաւաքականին իր մասնակցութեան։
Հաղորդագրութեան մէջ ըսուած է.-
«Յիշում եմ, երբ առաջին անգամ կրեցի ազգային հաւաքականի մարզաշապիկը Փանամայի դէմ ընկերական խաղում եւ երբ արձանագրեցի առաջին կոլս՝ աշխարհի առաջնութեան որակաւորման փուլի Էստոնիայի դէմ խաղին։ Անկախ դժուարութիւնից՝ ցանկացել եմ յաղթել ասպարէզիս ամէն քայլափոխին։
Վերջին 15 տարիների ընթացքում մեծագոյն պատուով եմ խաղացել իմ ազգային հաւաքականում, իսկ վերջին 6 տարիներին՝ առաւել պատուով կրել նրա աւագի թեւակապը:
95 միջազգային խաղերից, քրտնաջան աշխատանքից, նուիրումից և իմ երկիրը խաղադաշտում ներկայացնելու ընթացքում աննախադէպ վերելքներից և վայրէջքներից յետոյ, որոշում եմ կայացրել աւարտել Հայաստանի ազգային հաւաքականի կազմում մրցումներս:
Այս եզրակացութեան եմ յանգել Նոյեմբերին Գերմանիայի դէմ կայացած իմ վերջին խաղից յետոյ։ Կարծում եմ, որ ճիշդ ժամանակն է եւ, որ տուել եմ իմ հաւաքականին ամէնը՝ ինչ կարող էի:
Հետեւաբար առաջիկայ տարիներին ամբողջութեամբ կենտրոնացած կը լինեմ ակումբային մրցումներիս վրայ:
Իմ ֆուտբոլային սկիզբը կերտուել է Հայաստանում՝ իմ հայրենիքում, եւ ես յաւերժ երախտապարտ կը լինեմ բոլոր նրանց, ովքեր աջակցել են ինձ, ովքեր մարզել ու կրթել են ինձ, ում հետ ես խաղացել եմ եւ վերջապէս իւրաքանչիւրին, ով նպաստել է իմ՝ որպէս ֆուտբոլիստ եւ որպէս մարդ, կայացմանը։
Յաջողութիւններ իմ ազգային հաւաքականին։
Ընդմիշտ ձեր՝ Հենօ»: