«Նոր Յառաջ» – Տիկին Կարինէ Քոչար, 2024-էն Ֆրանսայի արուեստասէր հասարակութեան ուշադրութիւնը հրաւիրուած է Երուանդ Քոչարի արուեստին վրայ, շնորհիւ մի քանի միջոցառումներու, որոնց մէջ կարեւոր դերակատարութիւն ունեցաք դուք՝ Երեւանի Երուանդ Քոչար թանգարանի տնօրէնուհիդ, եւ Ֆրանսայի մէջ Հայաստանի նախկին դեսպան տիկին Յասմիկ Տոլմաջեան։ Ուրախալի է տեսնել, որ Փետրուար 15-էն մինչեւ Ապրիլ 15, փարիզեան Galerie Minotaure-ի տնօրէն Պընուա Սափիրոյի նախաձեռնութեամբ, անոր ղեկավարած պատկերասրահին մէջ պիտի ցուցադրուին Երուանդ Քոչարի գործերը։ Ինչպէ՞ս յաջողեցաք կազմակերպել նման միջոցառում մը Փարիզի մէջ։
Կարինէ Քոչար – 2024թ ինչպէս եւ 2025թ Երուանդ Քոչարի համար յոբելեանական է, լրանում է մեծ գեղագէտի 125-ամեակը:
2024 թուականը սկսուեց հիանալի մի իրադարձութեամբ՝ Յունուարի 29-ին Փարիզի Պիկասոյի թանգարանում բացուեց հրաշալի ցուցադրութիւն՝ « Dans l’appartement de Léonce Rosenberg : De Chirico, Ernst, Léger, Picabia… », որում ներառուած էր նաեւ Պոմպիդու կենտրոնի հաւաքածուին պատկանող Մաէստրօ Քոչարի 1934թ. ստեղծած Տարածական նկարը:
2024թ. ընթացքում Երուանդ Քոչարի թանգարանի կողմից բազմաթիւ հրաշալի միջոցառումներ կազմակերպուեցին Հայաստանի կառավարութեան, ԿԳՄՍ նախարարութեան աջակցութեամբ: Ինչպէս արդէն նշեցիք, բացառիկ յաջողութիւն եւ ձեռքբերում էր Ֆրանսիայում ՀՀ նախկին դեսպան տիկին Յասմիկ Տոլմաջեանի հետեւողական ջանքերի եւ Պոմպիդու կենտրոնի նախագահ պարոն Լորեն Լե Բոնի աջակցութեան շնորհիւ Պոմպիդու կենտրոնում մեծ արուեստագէտի 125-ամեակի կապակցութեամբ եւ որպէս յարգանքի տուրք նրա յիշատակին կազմակերպուած երեկոն եւ Դեկտեմբերի 3-ին բացուած ցուցադրութիւնը, որում ներկայացուեցին արուեստագէտի՝ 1926թ. ստեղծած Արեւելուհիներ գեղանկարը եւ 1934թ. ստեղծած Տարածական նկարը: Մաէստրօ Քոչարի ստեղծագործութիւնների այդ ցուցադրութիւնը կը գործի մինչեւ Մարտի 10-ը:
Եւ այսօր, Երուանդ Քոչարի, Պաբլօ Պիկասոյի, Ֆերնան Լեժէի, Ֆրենսիս Պիկաբիայի եւ այլոց հրաշալի ստեղծագործութիւնները նորից ներկայանում են միասին, ինչպէս 100 տարի առաջ: Ընդ որում, Երուանդ Քոչարի եւ Պաբլօ Պիկասոյի ստեղծագործութիւնները՝ ցուցադրուած միմեանց հանդիպակաց …
* * *
Ինչ վերաբերւում է այս ցուցահանդէսին… Անչափ յուզուած եմ այս հրաշալի ցուցահանդէսի իրականացման կապակցութեամբ: Այն իմ երազանքներից մէկն էր, համարեա իրական չթուացող: Նրան, կարող ենք ասել, սկիզբ դրուեց դեռ 2022թ., երբ ես շատ պատահական հանդիպեցի պարոն Սափիրոյի քրոջ Ժիզելի հետ: Դեռ այն ժամանակ մենք ապագայ երազային ցուցադրութեան համար անգամ խորագիր էինք գտել « Hasard objectif »…
Եւ այսօր այն իրականանում է շնորհիւ Galerie Minotaure-ի տնօրէն պարոն Բենուա Սափիրոյի, Ժամանակակից արուեստի ազգային թանգարանի նախկին գլխաւոր համադրող Քրիստիան Դերուէի, արուեստաբան Մարիա Տիլի աջակցութեան եւ մասնակցութեան:
Այս ցուցադրութիւնը անասելի բացառիկ է, մենք տեսնում ենք քոչարեան ստեղծագործութիւններ, որոնց մասին կամ բոլորովին անտեղեակ էինք, կամ տեսել էինք դրանց միայն սեւ-սպիտակ լուսանկարները: Եւ շնորհիւ պարոն Սափիրոյի պրոֆեսիոնալիզմի եւ հմտութիւնների, դրանք այլեւս հասանելի կը լինեն ցուցադրութիւնների, հրապարակումների եւ ուսումնասիրութիւնների համար:
Ցուցահանդէսի շրջանակում տեղի է ունենալու նաեւ « Autour des archives de l’artiste » գրքի շնորհանդէսը: Այս հրաշալի գրքի կապակցութեամբ կարող եմ նշել, որ մօտ 20 տարի առաջ ձեռք էինք բերել եւ տեղեակ էինք պարոն Քրիստիան Դերուէի ուսումնասիրութիւններին՝ նշանաւոր արուեստագէտներ Լեժէի, Պիկաբիայի, Գրիսի եւ հանրայայտ մեկենաս եւ հաւաքորդ Լեոնս Ռոզենբերգի նամակագորւթիւնների վերաբերեալ, բայց նոյնչափ անիրատեսական էր թւում պարոն Դերուէի կողմից Քոչար-Ռոզենբերգ նամակագրութեան ներկայացման եւ ծանօթագրման մասին երազելն անգամ:
Այսօր այն այլեւս իրականութիւն է:
«ՆՅ» – Որո՞նք եղած են գլխաւոր խոչընդոտները՝ Երուանդ Քոչարի աւելի մեծ ուշադրութեան արժանանալուն, մինչ ինչպէս կ՚ըսէր Վալտըմար Ժորժ՝ «Ժամանակը հասած է որ ստեղծագործ Քոչարին մատուցուի իր արժանի յարգանքը»։
Կ. Ք. – Խորհուրդների երկրում, ի հակադրութիւն եւրոպական ազատութեան, թեւածում էին ստալինեան բռնաճնշումները, մատնութիւնները, անվստահութիւնն ու վախը… Իր դաւանած գեղագիտական սկզբունքների ու հայեացքների համար Քոչարին տեւականօրէն հետապնդել են, հալածել, իսկ յետդարձի ճանապարհը փակել ընդմիշտ… Աւելին, 1941թ. Յունիսի 23-ին նրան բանտարկել են անհիմն մեղադրանքով. ազատուել է 1943թ.:
Թւում էր, թէ խորհրդային ղեկավար Իոսիֆ Ստալինի մահից (1953թ.) յետոյ ինչ-որ բան պէտք է փոխուէր կայսրութիւնում, սակայն այդպէս չեղաւ: Պատկերացրէք, որ Երուանդ Քոչարի առաջին անհատական ցուցահանդէսը Երեւանում բացուել է հայրենիքում հաստատուելուց շուրջ 30 տարի անց՝ 1965 թ.։
Քոչարի` յատկապէս փարիզեան շրջանի ստեղծագործական ժառանգութիւնն անտեսելու, շրջանցելու եւ արժանւոյնս չգնահատելու պատճառով Երուանդ Քոչարի անունն աստիճանաբար մոռացութեան է մատնուել, իսկ նրա՝ յատկապէս փարիզեան շրջանի ստեղծագործական ժառանգութիւնը հետեւողականօրէն անտեսուել է:
Սակայն ո՛չ բանտը, ո՛չ հալածանքները չեն կոտրել արուեստագէտի ստեղծագործական կամքը։ Հայրենիքում նրա ստեղծած ձիարձանները համաշխարհային արուեստի գլուխգործոցներ են թէ՛ իրենց մտայղացման եւ թէ՛ կերպարների իրականացման առումով:
Այսօր, կարծում ենք, մենք հպարտօրէն կարող ենք աշխարհին ներկայանալ այս արուեստագէտի ստեղծագործական ժառանգութեամբ եւ մեծ յոյս ունենք, որ թանգարանի, թանգարանի աջակիցների, հետաքրքիր համագործակցութիւնների ճիշտ ռազմավարութեան շնորհիւ Վ. Ժորժի խոսքերով ասած – կը մատուցենք այս մեծ արուեստագէտին այն պատուոյ վճարը, որին նա արժանի է իրաւամբ:
«ՆՅ» – Galerie Minotaure-ը կը կեդրոնանայ մասնաւորապէս Ecole de Paris-ի (Փարիզի դպրոց) նկարիչներու ստեղծագործական աշխատանքներուն վրայ, որուն մէջ Քոչար շատ յատկանշական դերակատարութիւն ունեցած է, յատկապէս «տարածականութեան» տեսութեան մէջ, որ 20-րդ դարու գիտական աշխարհի յայտնաբերումներուն զուգահեռ արուեստի արդիականացումի կարեւոր շարժիչը հանդիսացած է։ Ընդունուած էր իբրեւ Փիքասոյի, Մաթիսի, Քանտինսքիի եւ այլոց ստեղծագործական նորարարութեան շարքին պատկանող արուեստագէտ։ Ի՞նչն է որ Քոչարը մղեց 1936-ին Հայաստան փոխադրուելու։ Ի՞նչ բանն էր որ այլեւս զինք չէր գոհացներ Փարիզի մէջ։
Կ. Ք. – Այո՛, մենք ասում ենք, որ Երուանդ Քոչարը խորհուրդների երկիր վերադարձաւ փառքի շեմին: Պատճառները, կարծում եմ, վստահօրէն ոչ ոք չի կարող ասել, բայց մեր ենթադրութիւնն է, որ Եւրոպայում արդէն թեւածում էր 2-րդ համաշխարհային պատերազմի ուրուականը եւ բազմաթիւ փարիզաբնակ նկարիչներ հեռանում էին Ֆրանսիայից: Ոմանք մեկնեցին ԱՄՆ, ուրիշները գտան այլ վայրեր՝ պատսպարուելու եւ իրենց գեղարուեստական կեանքը շարունակելու համար, դէ իսկ Քոչարը մօտ 14 տարի չէր տեսել ծնողներին եւ նաեւ որպէս հայ ընտանիքի զաւակ, պարտաւորութիւն էր զգում իր ընտանիքի առջեւ: Եւ հաստատ կարող ենք ասել, որ մտքով անգամ չէր անցընում, որ թողնում է Փարիզը, ինչպէս նաեւ սիրելի կնոջը՝ Մելինէին ընդմիշտ:
Նաեւ գալիս էր նորաստեղծ Հայաստան՝ երիտասարդութեան շրջանում տարածելու իր նոր գաղափարները, եւրոպական յառաջապահական արուեստի միտումները:
Սակայն 1936 թ. Քոչարը ներգաղթեց ԽՍՀՄ եւ յայտնուեց «Երկաթէ վարագոյրից» այս կողմ, ուր մոլեգնում էր ստալինեան տեռորը. յետդարձի ճանապարհը փակուեց ընդմիշտ…։ Հետեւեցին ստեղծագործական մեկուսացում, բանտ…։ Նրա անունն աստիճանաբար դուրս մնաց արուեստի նշանաւոր տեղեկատուներից, տեսական բովանդակութիւն ունեցող աշխատութիւններից: Բայց նա Փարիզից օտարուեց միայն ֆիզիկապէս: Հոգեպէս նա ապրեց եւ ստեղծագործեց այնպէս, կարծես գտնւում էր Փարիզում: Քոչարը «երկաթէ վարագոյրից» այս կողմ բերեց ժամանակակից արուեստի շունչը, ոգին, մօտեցումները: Հայ նկարիչների մի քանի սերունդ կայացան նրա լոյսի ազդեցութեան ներքոյ:
«ՆՅ» – Որո՞նք են ապագայ ծրագրերը։
Կ. Ք. – Գիտէք, շատ կարեւոր է անընդհատ հետեւել ժամանակակից արուեստի աշխարհում տեղի ունեցող փոփոխութիւններին, նոր մօտեցումներին եւ հնարաւորինս մեր թանգարանի գործունէութիւնը համապատասխանեցնել միջազգային չափորոշիչներին:
Անասելի ուրախ ենք, որ այս վերջին տարիներին տեղի ունեցան որոշակի գործընթացներ, որոնց շնորհիւ կարծես հնարաւոր է դառնում Քոչարի անունը վերադարձնել աշխարհին: Սա մեր՝ արդէն մի քանի տարի առաջ ընդունած կարգախօսն է եւ մեր բոլոր միջոցառումները, նախագծերը նպատակ ունեն մօտեցնելու այդ երազանքի կամ նպատակի իրագործումը:
Թանգարանի նպատակն է տարբեր ձեւաչափերով, նոր համախոհների եւ գործընկերների հետ համագործակցութեամբ իրականացնել Քոչարի արուեստը ողջ աշխարհում հանրահռչակելու գաղափարը:
Թանգարանի 40 տարուայ գործունէութեան շնորհիւ, ես վստահօրէն կարող եմ ասել, որ արուել է հնարաւորինը՝ այդ ժամանակաշրջանը մօտեցնելու առումով…
Այսօր թանգարանը հանդէս է գալիս որպէս հետաքրքիր կրթամշակութային ժամանց առաջարկող հաստատութիւն, եւ նպատակ ունի Երուանդ Քոչարի արուեստագիտական գաղափարների, առաջադէմ հայեացքների, սկզբունքների քարոզչութեամբ աջակցել ներդաշնակ ու կատարեալ քաղաքացիական հասարակութեան ձեւաւորմանը, նպաստելով բարձրարուեստ մշակութային միջավայրի, Քոչար արուեստագէտի բրենդային կերպարի կայացմանը:
Թանգարանն առաջարկում է 13 կրթական ծրագրեր աշակերտների, ուսանողների համար, վիրտուալ իրականութեան, աւելացուած իրականութեան փորձառութիւններ, կազմակերպւում են նորատիպ ցուցադրութիւններ՝ ոչ միայն բնօրինակ ստեղծագործութիւնների, այլեւ արտ օբյեկտների, ինստալացիաների, պերֆորմանսների միջոցով, բարձրորակ Art տպագրութիւններով:
Այսօր մեր ծրագրերն ուղղուած են ներկայացնելու Հայաստանը որպէս ժամանակակից գեղարուեստական որոնումների ու նորագոյն մեթոդների կիրառմամբ իր մշակութային ժառանգութիւնը ներկայացնող եւ հանրահռչակող երկիր:
Ես մեծ սիրով հրաւիրում եմ մեր ֆրանսաբնակ հայրենակիցներին այցելել Երեւանում Երուանդ Քոչարի թանգարան եւ վայելել նման հանճարեղ հայրենակից արուեստագէտ ունենալու հպարտութեան եւ մեծ բաւականութեան զգացողութիւններ:
***
Երուանդ Քոչարի թանգարանը բացուել է Մաէստրոյի արուեստանոցի տեղում, 1984թ։
Արուեստանոցը ոչ միայն աշխատանոց էր, այլեւ երկար տարիներ նկարչի բնակուելու միակ վայրը: Թանգարանի ֆոնդերի հիմնական մասը՝ շուրջ 6000 միաւոր ընտանիքի նուիրատւութիւններն են։
Թանգարանում կարելի է ամբողջական պատկերացում կազմել արուեստագէտի անցած ողջ ստեղծագործական ճանապարհի մասին. ցուցադրւում են Թիֆլիսեան, Փարիզեան, Երեւանեան շրջանների գեղանկար, գծանկար, քանդակ աշխատանքներ, տարածանկարներ, անձնական իրեր, պատմական յառաջապահութեան մեծերի՝ Պիկասոյի, Դելոնէի, Լ. Ռոզենբերգի, Վ. Ժորժի եւ միւսների հետ Քոչարի առնչութիւնների մասին պատմող բացառիկ արժէքաւոր փաստաթղթեր եւ հազուագիւտ վաւերագրեր։
Միայն այստեղ եւ Փարիզի Պոմպիդու կենտրոնում կարելի է տեսնել քոչարեան արուեստի այն հրաշքը, որ կոչւում է «Տարածական նկարչութիւն»։
Երուանդ Քոչարի թանգարանը տարածաշրջանում պատմական յառաջապահութեան ուսումնասիրման ու քարոզչութեան եզակի կենտրոն է։
Հարցազրոյցը վարեց՝
ԺԻՐԱՅՐ ՉՈԼԱՔԵԱՆ ■
_______
* Galerie Minotaure – 2 Rue des Beaux Arts, 75006 Paris, France
© 2023 Բոլոր իրաւունքները վերապահուած են։